Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընտրություն մահվան ելքով» վերնագրի ներքո «Առավոտ»-ում Վանաձորի քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանի շտաբի պետ Ֆելիքս Մովսիսյանը պատմում է. - «Ընտրող Ադելա Պողոսյանը ներկայացել էր ընտրատեղամաս, բայց նրան թույլ չէին տվել ընտրել՝ պատճառաբանելով, թե նրա անունը ցուցակում չկա: Տեղամասային հանձնաժողովի ղեկավարությունը նրան ուղարկել է դատարան, դատարանում նրան ետ էին ուղարկել տեղամաս: Մի խոսքով՝ այս կինը ստիպված էր եղել երեք անգամ գնալ ու գալ տեղամասից դատարան... Ի վերջո, այդ կնոջ հետ հանձնաժողովի անդամներն ու թեկնածու Սամվել Դարբինյանի կողմնակիցները ոչ միայն կոպտորեն էին վարվել, վիրավորել, այլեւ հրել-գցել էին: Ադելա Պողոսյանն ընկել էր ու սրտի կաթվածից մահացել»: «Հանձնաժողովի անդամները միայն տիկնոջ մահից հետո էին ընտրացուցակներում հայտնաբերել նրա անունը», - հավելում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ»-ի տվյալներով, ընտրությունների օրը Վանաձորում հանկարծամահության յոթ դեպք է գրանցվել. - «Իրավապահների կարծիքով, սակայն, այդ յոթ դեպքերից միայն երեքն են ինչ-որ ձեւով կապված ընտրությունների հետ»: Թերթի գնահատմամբ, այս ցուցանիշն էլ բավական է հասկանալու համար լարման այն աստիճանը, որ առկա է եղել նախընտրական Վանաձորում:

«Հայկական ժամանակ»-ի հայացքով, պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը թերեւս տեղական ինքակառավարման ընտրությունների ամենաանսպասելի գործող անձն էր. - «Գեներալի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը դարձել է Մեծամորի քաղաքապետ՝ լինելով այդ պաշտոնի միակ հավակնորդը: Նախնական արդյունքներով, Էջմիածնում նույնպես հաղթել է նրա պաշտպանած թեկնածուն՝ Գագիկ Ավագյանը»: Նշելով, որ այս տարի գեներալ Գրիգորյանին տրվել էր իշխանության թեկնածուին ինքնուրույն որոշելու իրավունք՝ մեկնաբանը դա կապակցում է գարնանը Երեւանի Ավան համայնքի թաղապետի ընտրությունների հետ: Հիշեցնելով, որ Ավանում թաղապետ դարձավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, իսկ Մանվել Գրիգորյանի կնոջ եղբայրը՝ Ավանի ԵԿՄ տարածքային կազմակերպության քարտուղար Պետրոս Ամիրյանը հրաժարվեց առաջադրվելուց՝ «Հայկական ժամանակ»-ը եզրակացնում է. - «Դա ակնհայտորեն տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի եւ Մանվել Գրիգորյանի բանակցությունների արդյունքում: Ու բանակցող կողմերը իրար մեջ բաժանել են մի խումբ տարածքներ՝ Ավանը մեզ, Էջմիածինն ու Մեծամորը ձեզ»:

«Չորրորդ իշխանություն»-ը տարակուսում է. - «Էջմիածինցիները իրենց քաղաքում պայքարելու փոխարեն եկել ու նախագահի նստավայրի դիմաց բողոքում էին... Ումի՞ց էին բողոքում, ո՞ւմ էին բողոքում… Նրանք չգիտեի՞ն, որ հենց Քոչարյանն է այն համակարգի «պապան», որը գեներալներին հնարավորություն է տալիս ֆեոդալական կարգեր հաստատել առանձին վերցրած մի մարզում կամ քաղաքում: «Քվեարկության օրը Վաղարշապատում ընդամենը իշխանության թեկնածուին քաղաքապետ դարձնելու թղթաբանություն էր ընթանում», - ձեւակերպված է «Հայկական ժամանակ»-ում:

Էջմիածնում անցկացված ընտրություններից հետո ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Դավթյանը «Հայոց աշխարհ»-ին փոխանցել է. - «Ընդհանրապես քվեարկության օրը անցել է նորմալ, հանգիստ մթնոլորտում»: Իսկ այն, որ կեսօրից հետո Երվանդ Աղվանյանի վստահված անձինք գրեթե միաժամանակ լքել են տեղամասերը, ընտրատարածքայինի նախագահի գնահատմամբ, չի ազդել ընտրությունների ընթացքի վրա՝ «այն շարունակվել է եւ համարվում է կայացած»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում մեջբերված է եվրոպական դիտորդական պատվիրակության ղեկավար Շոն Օ‘Բրայընի գնահատականը. - «Ընդհանուր առմամբ տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններն անցան Եվրոպայի խորհրդի չափանիշների սահմաններում: Ընտրական գործընթացը բավարար մակարդակի վրա էր»:
«Գավառական ընտրություններ՝ «եվրոպական չափանիշներով»» վերնագրով անդրադարձում «Իրավունք»-ը հավելում է. - «Ինչ վերաբերում է ահաբեկումներին, ընտրության նախորդ օրերին տեղի ունեցած գործընթացներին, միջազգային դիտորդները դրանք ասեկոսեներ որակեցին»:

«Ազգ»-ի մատուցմամբ, ի տարբերություն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, որոնք Հայաստանում սովորաբար կեղծվում են, ՏԻՄ ընտրություններն ունեն իրենց յուրահատկությունները. - «Պարզապես տեղերում գործում են նաեւ այլ տեխնոլոգիաներ, ընդ որում` ահռելի տարբերություններ կան անգամ երկու հարեւան մարզերի միջեւ... Եթե, օրինակ, մարզպետը մարդասպան է կամ ուղղակի շարքային հանցագործ եւ «կաստալոմ», այդ մարզի համայնքներում աշխատում է ահաբեկչությամբ մարդկանց սարսափեցնելու տարբերակը», - ուրվագծում է թերթը: Մեկնաբանի հայացքով, գյուղական եւ փոքր քաղաքային համայնքներում Հայաստանին բնորոշ ընտրական կեղտոտ տեխնոլոգիաները դեռեւս լիարժեք չեն գործում: Սովորաբար գյուղերում համայնքապետ է ընտրվում այն թեկնածուն, որն ունի ամենաշատ ազգականները. - «Ավելի պարզ` գյուղերում ոչ թե գյուղապետ են ընտրում, այլ` ցեղապետ»:

«Առավոտ»-ի խմբագիրը, քաղաքականացնելով էլցանցի պետի պաշտոնը, ընդգծում է. - «Ահա թե ինչու Հայաստանի առնվազն 3 քաղաքներում քաղաքապետ են դարձել հենց Էլցանցի պետերը»: «Եվ դա դեռ սկիզբ է», - նախազգուշացնում է Արամ Աբրահամյանը, - «Առաջիկա հանրաքվեում եւ համապետական ընտրություններում հենց այդ հեղինակություններն են իրենց կարեւոր լուման ներդնելու հօգուտ իշխանության ձայն հավաքելու «պետականանամետ» գործում»:

«Նոր Հաճընի քաղաքապետարանում հաստատել են քաղաքապետ Արմեն Քեշիշյանի հրաժարականի մասին լուրերը», - տեղեկացնում է «Հայոց աշխարհ»-ը՝ հիշեցնելով. - «Արմեն Քեշիշյանը մեղադրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության քաղաքային ստորաբաժանման ղեկավար Աշոտ Մխիթարյանի սպանության մեջ»:

Հանրաքվեն բոյկոտելու կողմնակից ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Իրավունք»-ում պարզաբանում է. - «Երբ որեւէ փաստաթղթի առնչությամբ գնում են քվեարկության եւ ասում են «ոչ», միշտ էլ կարելի է դեմագոգիա անել, թե «ոչ» են ասել առաջարկված կետերին եւ ոչ թե իշխանություններին: Իսկ բոյկոտը հենց իշխանությունների դեմ կլինի»:

«Ազգ»-ը, փաստելով, որ 2006 թվականի բյուջեով պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների համար օրական նախատեսվում է հատկացնել 10 լիտր բենզին մինչ այժմ հատկացվող 4 լիտրի փոխարեն, մատուցում է իր իսկ հարցի պատասխանը, թե ի՞նչ են անում պաշտոնյաները իրենց հատկացված վառելիքը. - «Նախարարներն ու փոխնախարարներն աշխատանքից հետո եւ շատ հաճախ աշխատանքի ժամին ծառայողական մեքենաներով մեկնում են իրենց աշխատանքային «գերհոգնածությունը» թոթափելու խաղատներում, ռեստորաններում, գիշերային ակումբներում եւ զվարճանքի այլ վայրերում: Սրան էլ հավելենք, որ նույն ծառայողական մեքենաներով նրանց կանայք մեկնում են գնումներ կատարելու, իսկ երեխաները՝ դպրոց: Բնական է, որ պետական բյուջեով նախատեսված 4 լիտր բենզինն այս ամենի համար արդեն անբավարար կլինի... Եվ ոմանց անձնական կարիքների բավարարումը պետբյուջեի, այսինքն բոլորիս համար արժենում է 459 մլն դրամ կամ ավելի քան 1 մլն դոլար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG