Մատչելիության հղումներ

Երաժիշտները բողոքում են Կամերային երաժշտության տան հարեւանությամբ նոր սրճարանի կառուցման դեմ


Ի նշան բողոքի մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգում գտնվող Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան հարեւանությամբ սրճարանային մեծ համալիրի շինարարության դեմ, երեքշաբթի օրը ասուլիս էին հրավիրել մի շարք անվանի երաժիշտներ:

Երեւանում գործող դասական երկու համերգասրահներից մեկի՝ Կամերային երաժշտության տան հարեւանությամբ արդեն գործում է «9-րդ ալիք» սրճարանը: Նոր կառուցվողը կամբողջացնի մշակույթի այս օջախի լիակատար շրջափակումը:

«Մենք այսօր ուզում ենք հնչեցնել այն իրականությունը, որ այս շինարարությունը սկսվել է մի քանի ամիս առաջ եւ եթե այս շինարարությունը ավարտվի, մենք համարում ենք, որ Կամերային երաժշտության դահլիճը այլեւս չի կարող աշխատել որպես դասական երաժշտության դահլիճ», - ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

Անվանի երգչուհի Արաքս Դավթյանը, հիշելով խորհրդային տարիները, ասաց, թե այն օրերին կառավարությունը այսպիսի իրավիճակում կմիջամտեր ու անպայման կդադարեցներ շինարարությունը:

«Ես հիմա էլ եմ ուզում հավատալ դրան», - շարունակեց Դավթյանը: - «Կարծում եմ, որ մեր նախագահը դա պետք է անի եւ կարող է անել»:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս շինարարության հետ կապված իր մտահոգությունը Արամ Ղարաբեկյանը հայտնել էր դեռ սեպտեմբերի 22-ին, ինչից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը համապատասխան ուսումնասիրություններ է անցկացրել: Սակայն շինարարությունը է'լ ավելի լայն թափ է ստացել:

Այդուհանդերձ, երաժիշտների միակ հույսը նախագահ Քոչարյանի միջամտությունն է: Այդ պատճառով էլ որեւէ այլ պաշտոնյայի՝ թաղապետին, քաղաքապետին կամ մշակույթի նախարարին չեն դիմել: Հարցին, թե ինչո՞ւ այդ պաշտոնյաներին չեն դիմել, արդյո՞ք ենթադրելով, որ անգամ սրճարանի կամ ռեստորանի շինարարության թույլտվության կամ արգելքի համար մեր երկրում անհրաժեշտ է նախագահի միջամտությունը, Ղարաբեկյանը պատասխանեց. - «Ես ոչինչ չեմ ենթադրում... Փաստորեն այս երկրի ամենաբարձր դեմքը՝ հանրապետության նախագահը հետաքրքրվել է այս հարցով: Փաստորեն այդ ատյանից ավելի բարձր ատյան գոյություն չունի: Հետեւաբար, այդ հանձնարարությունները, որ արվել են, թե ովքեր պիտի դրանով զբաղվեն, մենք չենք որոշողը»:

Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսյանը հիշեցրեց Օպերայի շրջակայքի կառուցապատումը զվարճանքի տարբեր օբյեկտներով, ինչի դեմ մտավորականությունը նույնպես բարձրացրել էր իր բողոքի ձայնը: Կառուցապատումը, այդուհանդերձ, հասցվեց ավարտին:

«Ինձ թվում է, եկել է ժամանակը Օպերան այստեղից տեղափոխել, որովհետեւ այդ ամբողջ շրջապատին Օպերան արդեն խանգարում է», - այսօր դառնությամբ ասաց Թադեւոսյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG