Մատչելիության հղումներ

Transparency International-ի ցուցակում Հայաստանը 88-րդն է


Ըստ Transparency International կազմակերպության 2005 թվականի ուսումնասիրությունների, կոռուպցիան շարունակում է մնալ խիստ տարածված աշխարհի 70 երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում:

Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցակում ընդգրկված աշխարհի 159 երկրներից ավելի քան երկու երրորդում կոռուպցիան տագնապալի մակարդակում է:

Այս տարի Հայաստանը զիջել է դիրքերը կաշառառոււթյան դեմ պայքարի ոլորտում: Հայաստանը այդ ցուցակում զբաղեցնում 88-րդ հորիզոնականը՝ ստանալով կոռուպցիայի ընկալման 2.9 համաթիվը: 2004-ի համեմատությամբ կոռուպցիայի ընկալման մակարդակը մեր երկրում աճել է: Անցյալ տարի Հայաստանը զբաղեցնում էր 82-րդ տեղը (146 երկրների ցանկում)՝ 3,1 համաթվով:

Transparency International-ը երկրի կաշառառվածության աստիճանը չափում է 10-բալանոց սանդղակով՝ որքան բարձր է գնահատականը, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը տվյալ երկրում:

Զեկույցի հեղինակները փաստել են, որ «հակառակ տարբեր ճակատներում ձեռք բերված հաջողությունների, աշխարհի 70 երկրներ հավաքել են 3-ից պակաս միավոր, ինչը վկայում է, որ կոռուպցիան այնտեղ լուրջ պրոբլեմ է»:

«Կոռուպցիան տարերային աղետ չէ: Կոռուպցան այն է, երբ չինովնիկը սառնասրտորեն, լավ հաշվարկված ձեւով զրկում է հույս փայփայելու շանսից տղամարդկանց, կանանց ու երեխաներին, որոնք իրենք իրենց պաշտպանելու հնարավորություն չունեն», - նշել է Transparency International-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Նուսբաումը:

Այս տարի նույն ցուցանիշը Հայաստանի հետ կիսել են այնպիսի երկրներ ինչպիսիք են Բենինը, Բոսնիա-Հերցեգովինան, Գաբոնը, Հնդկաստանը, Իրանը, Մալին, Մոլդովան եւ Տանզանիան:

Վրաստանում ու Ադրբեջանում կոռուպցիան շատ ավելի տագնապալի մակարդակում է. Վրաստանը մի շարք երկրների հետ կիսում է 130-136-րդ, Ադրբեջանը 137-143 տեղերը: Այդուհանդերձ, թե' Վրաստանի եւ թե' Ադրբեջանի «կոռուպցիոն ցուցանիշները» այս տարի ավելի լավն են, քան անցած տարի:


Կարինե Քալանթարյան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG