Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցությունը ամրապնդում է իր դիրքերը տեղական մարմիններում


Անցած կիրակի կայացած ընտրություններում Վանաձորում, Բերդում եւ Ստեփանավանում հաղթանակ տոնեցին իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:

«Ընտրությունը բավական նորմալ է անցել, առանց որեւէ միջադեպի: Էքսցեսներ չեն արձանագրվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վանաձորի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մինաս Սայադյանը:

Վանաձորում թեկնածուները երեքն էին՝ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով ստացավ ավելի քան 25 հազար ձայն, անկուսակցական Գագիկ Հովսեփյանը (շուրջ 20 հազար ձայն): Կոմունիստական կուսակցության թեկնածու Անդրանիկ Ղուկասյանը ստացել է ընդամենը 1283 ձայն:

Սայադյանի հավաստմամբ, նկատված թերությունները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում առաջադրված 4 թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Շառյանը:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքապետը թեեւ փոխվել է, սակայն համայնքի նորընտիր ղեկավարը նույնպես ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը:

Ստեփանավան քաղաքում վերընտրվել է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG