Մատչելիության հղումներ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը գոհ է 2006-ի բյուջեով նախատեսված հատկացումներից


Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակում է քննարկվել 2006 թվականի պետական բյուջեի նախագիծը: Երկուշաբթի օրը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, ով մասնակցում էր համապատասխան հանձնաժողովներում ընթացող քննարկումներին, ասաց, որ գոհ է հատկացումների աճից. ընթացիկ տարվա համեմատությամբ դրանք եկող տարի կաճեն 8,5 միլիարդ դրամով՝ հասնելով 55,5 միլիարդի։

«Գրեթե բոլոր մեր հիմնական ծախսային ծրագրերի գծով՝ ե’ւ երեխաների, ե’ւ ընտանիքի, ե’ւ հաշմանդամներ, ե’ւ տարեցների... բոլոր ծրագրերի գծով մենք աճ ունենք», - ասաց նախարարը՝ շեշտելով. - «Բավական նկատելի աճ»:

Նախարարի ներկայացմամբ, եկող տարի շուրջ 4,5 միլիարդ դրամով կավելանան աղքատության ընտանեկան նպաստերի գծով հատկացումները. միջին նպաստի չափը այս տարվա 12 հազարի փոխարեն եկող տարի կհասնի 15 հազար 300 դրամի։ Միաժամանակ, մոտ չորս հազարով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը։

Եկող տարի, ըստ բյուջետային կանխատեսումների, աղքատության նպաստ ստացող ընտանիքների մի մասը, որ խնայողություններ է ունեցել խորհրդային Խնայբանկում, փոխհատուցում կստանա: Հարցին, թե որքան կարող է կազմել դրանց թիվը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. - «Մենք ընդամենը ունենք նպաստառուների հստակ բազան.... Բայց թե նրանցից ով ավանդ ունի եւ ինչ չափով՝ դա, կարծում եմ, ամիսների աշխատանք պիտի լինի: Եվ դա մեր աշխատանքը չի. դա արդեն, կարծում եմ, միջգերատեսչական խումբ կստեղծվի կամ որեւէ նման հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցերով»:

Նախարարը հավելեց, թե նպաստառուների ցուցակում ընդամենը 40 հազար կենսաթոշակառու կա, որոնց մի մասն է միայն Խնայբանկում ավանդներ ունեցել:

Նախարարը հայտարարեց նաեւ, որ հավելյալ բյուջետային հատկացումների հաշվին եկող տարի 26 նոր սոցիալական ծրագրեր են իրագործվելու։

Այսօր քննարկվեց նաեւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկող տարվա բյուջեի նախագիծը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վազգեն Խաչիկյանը ասաց, որ եկող տարի հիմնադրամի ծախսերը կավելան ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 94 միլիարդ դրամի։

«Սյս բյուջեն հնարավորություն է տալիս նաեւ որակական փոփոխություններ կատարել», - ասաց Խաչիկյանը:

Հիմնադրամի բյուջեի նախագծով նախատեսվում է եկող տարի միջին կենսաթոշակն ավելացնել 20 տոկոսով՝. ավելի ստույգ. բազային կենսաթոշակը ներկայիս 4000 դրամից կհասնի 4250 դրամի, իսկ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելումը 160-ից կհասնի 180 դրամի։

Եկող տարվա բյուջետային հատկացումների ավելացումից գոհ է նաեւ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Բնակչության առողջության պահպանմանն ուղղվող պետական գումարները եկող տարի կավելանան շուրջ 7 միլիարդ դրամով կամ 22 տոկոսով, ինչը հնարավոր կդարձնի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը ամբողջությամբ դարձնել անվճար:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG