Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Գագիկ Ավագյանը


Անցած կիրակի Լոռու, Տավուշի եւ Արմավիրի մարզերի 252 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ուշադրության կենտրոնում էր Էջմիածնի քաղաքապետի ընտրությունը, քանի որ նախընտրական քարոզարշավը այստեղ, թերեւս, ամենաթեժն էր:

Առաջադրված չորս թեկնածուներից երկուսի՝ Երվանդ Աղվանյանի ու Գագիկ Ավագյանի միջեւ թեժ պայքարը ավարտվեց վերջինիս օգտին. նա, ըստ նախնական տվյալների, հավաքել է շուրջ 18 հազար ձայն: Երվանդ Աղվանյանը ստացել է 5 հազար ընտրողների քվեն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արսեն Դավթյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե օրենքով սահմանված ժամկետում որեւէ բողոք չի ներկայացվել:

Բողոքների բացակայությունը առնվազն տարօրինակ է, քանի որ նախընտրական պայքարը, ինչպես նաեւ բուն քվեարկությունը Էջմիածնում անցել էր խիստ լարված մթնոլորտում, ինչի գագաթնակետը դարձավ այն, որ երեկ ժամը 14.30-ին Երվանդ Աղվանյանի շտաբը բոլոր ընտրատեղամասերից ետ կանչեց բոլոր վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամներին՝ այդպիսով բոյկոտելով ընտրությունները:

Քաղաքապետի նախկին թեկնածու Սուսաննա Հարությունյանը, ով քվերակությունից երկու օր առաջ ինքնաբացարկ հայտնել եւ իր ընտրողներին կոչ արել քվեարկել Աղվանյանի օգտին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Բոյկոտում ենք մասսայական լցոնումների համար, 3 օրում ամեն ընտրատեղամասում ընտողների ցուցակները ավելացան 300-400 մարդով... Ի՞նչ է, Հայաստանում ներգաղթ է սկսվել»:

Ընտրատեղամասերից Աղվանյանի շտաբ վերադարձած ընտրատեղամասային հանձնաժողովների անդամները պնդում էին, որ քվեարկության օրինականությունը ապահովելուն ուղղված իրենց գործողությունները խոչընդոտվում էին:

Վստահված անձանցից շատերը պնդում էին, որ իրենք անձամբ տեսել են, որ նույն անձը մի քանի անգամ է մասնակցել քվեարկությանը: Նրանք պնդում էին նաեւ, որ գյուղերից մեքենաներով մարդկանց էին բերում քվեարկելու, իսկ իրենց միջամտությունները ապարդյուն էին: Ավելին՝ վտանգված էր իրենց ֆիզիկական անվտանգությունը:

Այս «ամենաթողությունը» Սուսաննա Հարությունյանը բացատրեց այսպես. - «Նախորդ օրը Էջմիածին էր այցելել եւ Ավագյան Գագիկի շտաբ էր եկել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը... Մեկ օրվա ընթացքում բոլոր Էջմիածնի զինծառայողները վերադարձան Էջմիածին»:

Գագիկ Ավագյանը, հիշեցնենք, վայելում է բարձրաստիճան զինվորականության, մասնավորապես պաշտպանության փոխնախարար Մանվել րիգորյանի, գեներալներ Սեյրան Սարոյանի, Գագիկ Մելքոնյանի, ինչպես նաեւ Ազգային ժողովի՝ Էջմիածնից ընտրված պատգամավորների աջակցությունը: Պատգամավորներից Հակոբ Հակոբյանը ճնշումների մասին խոսակցությունները «դասական շանտաժ» որակեց. - «Այդ մարդիկ ոչ թե գնում են ընտրությունների, այլ գնում են շանտաժի, եւ մենք պատրաստ ենք ցանկացած իրենց կողմից կատարված շանտաժին դիմակայել»:

Նա հերքեց, թե պաշտպանության նախարարը եղել է թեկնածու Գագիկ Ավագյանի շտաբում. - «Պաշտպանության նախարարը մեր շտաբում ոչ թե երեկ, այլ ընդհանրապես չի եղել»:


Շաքե Ավոյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG