Մատչելիության հղումներ

Բաքվի իշխանությունները պատրաստվում են «հնարավոր անկարգությունների»


Ադրբեջանի իրավապահները երկուշաբթի օրը ուժեղացրել են հսկողությունը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ դեպի մայրաքաղաք տանող ճանապարհներին: Ոստիկանների ուշադրության կենտրոնում է Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավականը, ուր օրվա երկրորդ կեսին սպասվում է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայումս Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Ռասուլ Գուլիեւի ժամանումը Լոնդոնից:

«Հոկտեմբերի 17-ին օդանավակայանում հնարավոր են անկարգություններ», - կիրակի երեկոյան, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: - «Մենք օպերատիվ տեղեկատվություն ունենք նախապատրաստվող սարդիչ գործողությունների՝ այդ թվում օդանավակայանի վրա հարձակման, մասին»:

Նախարարը չի բացառել, որ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան վերադարձող Գուլիեւին դիմավորելու նպատակով օդանավակայան գնալ պատրաստվող ընդդիմության ներկայացուցիչները «կարող են զինված լինել եւ փորձել գրավել օդանավակայանը»: Ուսուբովը կոչ է արել դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին եւ լրագրողներին չմեկնել օդանավակայան, քանի որ «բախումները չեն բացառվում»:

Բաքվի ոստիկանապետի տեղակալ Յաշար Ալիեւը հայտարարել է. - «Ռասուլ Գուլիեւին դիմավորելու գնացողներից ոչ ոքի թույլ չի տրվելու մուտք գործել ռազմավարական օբյեկտ հանդիսացող Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավականի տարածք: Այդտեղ որեւէ ակցիայի անկացումն անթույլատրելի է»:

Յաշար Ալիեւը վերստին հայտարարել է, որ Ադրբեջան ժամանելուն պես Ռասուլ Գուլիեւը կձերբակալվի:

Այսօր առավոտվանից դեպի օդանավակայն տանող ճանապարհին տեղակայվել են մի քանի հսկիչ կետեր: Ստուգվում են բոլոր ավտոմեքենաները եւ մարդատար ավտոբուսները: Բաքվի փողոցներում ուժեղացված հսկողություն են իրականացնում ներքին զորքերը: Խորհրդարանի շենքի դիմաց հայտնվել է ռազմական տեխնիկա:

Հայտնի է դարձել նաեւ, որ կիրակի օրը իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության 30 ակտիվիստների: Ադրբեջանական ընդդիմության առաջնորդները, այդուհանդերձ, հայտարարել են, որ Գուլիեւին դիմավորելու են օդանավակայանում:

«Ռեգնում» գործակալության տվյալներով, մինչդեռ, այսօր ժամը 16-ին Լոնդոնից Բաքու չվերթ չի սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG