Մատչելիության հղումներ

«Երեկ երեկոյան ընտրողների հետ հանդիպման ժամանակ առեւանգված մարդկանցից միայն մեկին են ազատ արձակել», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Երվանդ Աղվանյանի քարոզչկան շտաբի պետ Ոսկեհատ Հայրապետյանը:

Անհետացած շուտ մեկ տասնյակ մարդկանցից միայն Գեւորգ Աբրահամյանին, Ոսկեհատ Հայրապետյանի խոսքերով, «ծեծել են, դրել են տաքսի մեքենայի մեջ եւ ուղարկել են թեկնածու Երվանդ Աղվանյանի բնակարան»:

«Ասել են՝ տեղեկացրեք Աղվանյանին (իհարկե հայհոյելով) որ յուրաքանչյուր անձ, ով հանդգնի կանգնել նրա կողքին, ընկնելու է նույնպիսի վիճակի մեջ», - ավելացրեց Հայրապետյանը:

«Ծեծված երիտասարդը, ով ընդամենը բարձրախոսով մեքենայից ժողովրդին տեղեկացրել էր Երվանդ Աղվանյանի հանդիպման մասին, ընդամենը 18 տարեկան է», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար մինչեւ վերջերս պայքարող եւ 2 օր առաջ իր թեկնածությունը հանած Սուսաննա Հարությունյանը: Նա իր համակիրներին կոչ է արել քվեարկել Աղվանյանի օգտին:

«Ինքը [Գեւորգ Աբրահամյանը] ասաց, որ իրեն անձամբ ծեծել է Մանվել Գրիգորյանը... Մենք Գեւորգին հիմա անվտանգ տեղում թաքցրել ենք, որովհետեւ վախը, սարսափը շատ մեծ է քաղաքում», - փոխանցեց Հարությունյանը:

Նրա հավաստմամբ, պատանդ վերցված երիտասարդներից մեկի միջոցով իր հետ կապ են հաստատել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները. - «Հայհոյանքների տարափ տեղաց, հետո ասացին՝ եթե դուք չդադարեք, ոչ մեկն էլ [պատանդներից] հետ չեն գալու»:

Երվանդ Աղվանյանի շտաբի պետը տեղեկացրեց, որ կեսգիշերից հետո ինքն անձամբ ոստիկանության Էջմիածնի բաժնում հայտարարություն է տվել կորած անձանց վերաբերյալ:

Ոստիկանության պետ էդիկ Սուքիասյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին, իսկ վերջինիս համառելու արդյունքը հրմշտոցը եղավ եւ ենթականերին տրված հրահանգը՝ շենքից դուրս ուղեկցել թղթակցին:

«Առեւանգված մարդ չկա», - մինչ այդ ասել է Սուքիասյանը: Հարցին, թե դիմո՞ւմ կա, նա պատասխանեց. - «Դիմում կա»: Դրանից հետո էլ հրահանգեց թղթակցին դուրս ուղեկցել:

Փաստորեն, թեկնածուի շտաբի պետի դիմումը երեկ ընդունել են, սակայն ընթացք չեն տվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքերի շարքում այն անգամ ամփոփված չէ:

Էջմիածինցիների վրա երեկվա իրադարձությունները շատ ծանր տպավորություն են թողել: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին հնչեցին այսպիսի պատասխաններ. - «Ինչ ասես չի կատարվում», «Ոնց ուզում են, ընենց անում են», «Ցավ ենք ապրում, որ մեր երիտասարդներին տանում ծեծում են», «Ժողովրդին դրած փալասի տեղ, վրաներով քայլում են»:

Քաղաքապետի թեկնածու Աղվանյանի շտաբը իրենց անվտանգությունն ապահովելու հորդորով դիմել է ե’ւ հանրապետության ոստիկանության պետին, ե’ւ գլխավոր դատախազին: Գիշերը անգամ հանրապետության նախագահի նստավայրի մոտ են եղել, սակայն ոչ մեկը նրանց չի ընդունել: Այսօր առավոտյան նույնպես մի քանի ժամ նախագահի նստավայրի մոտ անցկացնելուց հետո, ձեռնունայն վերադարձել են:

«Ես Վեհափառի ուշադրությունն էլ եմ հրավիրում: Նա մինչեւ այսօր լռում է: Ո՞նց կարելի է թույլ տալ, որ այսքան անօրինակություններ կատարվեն աթոռանիստ քաղաքում», - ասաց արդեն նախկին թեկնածու Սուսաննա Հարությունյանը: - «Ընտրական օրենսգրքում թող հանեն Էջմիածնի ընտրատարածքը. նշանակովի թող լինի: Եվ այդ կիսագրագետ մարդը, որին ուզում, որ անպայման դառնա քաղաքապետ, թող նշանակվի»:

Հարությունյանը նկատի ունի Էջմիածնի էլցանցի փոխտնօրեն Գագիկ Ավագյանին, ում թեկնածությունը պաշտպանողների ցուցակը պաշտպանության պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանով չի սահմանափակվում: Նրան սաստարում են եւս 2 գեներալներ` Սեյրան Սարոյանը ու Գագիկ Մելքոնյանը:

Ավագյանի նախընտրական շտաբում էին այսօր նաեւ Էջմիածնից ընտրված ԱԺ 2 պատգամավորները` Մանվել Գրիգորյանի եղբոր որդին`Հրանտ Գրիգորյանը, եւ Հակոբ Հակոբյանը: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե անձամբ է ղեկավարում թեկնածուի շտաբը:

«Ես բոլորի անունից կարող եմ ասել, որ առեւանգում հասկացողություն, այդպիսի բան տեղի չի ունեցել», - բառացիորեն ասաց նա: - «Մենք սպասում ենք, որ եթե կլինի հայտարարություն, դատական հայցով մտնենք եւ պահանջենք հերքում կամ մեղավորները պատժվեն»:

Այն խնդիրը, որ ինքը գեներալների եւ պատգամավորների աջակցությամբ կարող է դառնալ քաղաքապետ, Գագիկ Ավագյանին պարզվում է ամենեւին չի հետաքրքրում:

«Ամեն ինչ նորմալ է: Իսկ գեներալի մասով՝ նույն մեր ընկերն է, մեր քաղաքացին է, մեր բնակիչն է: Ոչ մի խնդիր ես չեմ տեսնում էդ հարցում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավագյանը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարում՝ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG