Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Էջմիածին քաղաքի նախընտրական իրադարձությունները ներկայացնող հրապարակումը «Առավոտ»-ը վերագրել է քաղաքապետի նախկին թեկնածու Սուսաննա Հարությունյանի խոսքերով՝ «Էջմիածինը Մանվելի համար ոչ Աղդամ է, ոչ Ֆիզուլի»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնությամբ, Նալչիկում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծնված հարցերը կարեւոր են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի համար: Վերլուծելով Հյուսիսային Կովկասում հնարավոր զարգացումները, թերթը ընդգծում է. - «Հայաստանի առաջ վերստին ողջ սրությամբ կանգնում է անմիջական հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, Հայաստանին հարկավոր են այընտրանքային ճանապարհներ, որոնք անցնում են Թուրքիայով եւ Ադրբեջանով»: Եվ այս ֆոնին «Հայկական ժամանակ»-ի համար ակնհայտ է. - «Եթե կա հրապարակված տարբերակներով Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելու հնարավորություն, նման կարգավորման պետք է գնալ հնարավորինս շուտ»:

«Ազգ»-ի մեկնաբանի գնահատմամբ, Մոսկվան չարաշահում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, ինչը Հայաստանում եւ Ղարաբաղում հակառուսական տրամադրությունների նախադրյալներ է ստեղծում: Լայնածավալ վերլուծականում մեկնաբանը նաեւ նշում է. - «Մոսկվան ակնհայտորեն չի ցանկանա հայ-թուրքական եւ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Հակառակ դեպքում ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կդառնա ավելորդ եւ չարդարացված»:

«Դարձյալ Քոչարյանի պապայությամբ» վերնագրի ներքո «Այբ-Ֆե»-ն, տեղեկացնելով, որ հանրաքվեի քարոզչության կոալիցիոն շտաբը կղեկավարի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը՝ ընդգծում է. - «Որոշումը կայացվել է երեկ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ կոալիցիայի խորհրդի անդամների հանդիպման ժամանակ»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Մհեր Շահգելդյանի ընտրությունը պատահական չէ. նա համարվել է «առավել մեղմ եւ կոալիցիայի գործընկերների շրջանում քաղաքական խանդ չառաջացնող անձնավորություն»: «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Մհեր Շահգելդյանը շեշտադրում է. - «Կարեւորագույն խնդիր է մաքուր հանրաքվեի իրականացումը եւ մենք սկզբունքորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ»:

«Բյուզանդի փողոցի ոդիսականում նոր դրամա է զարգանում», - փոխանցում է «Ազգ»-ը: «Երեկ թիվ 5 տան բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոն բաժանմունք: Մինչ ժամը 18.30-ը նրանց տունը պաշարված էր կարմիր բերետավորներով», - նկարագրում է թերթը, - «Մինչ երեկո Հովհաննիսյանները տեղեկություն չունեին ոստիկանություն տարված իրենց որդուց: Քիչ այն կողմ ոստիկանության աջակցությամբ փորձում էին հիմնահատակ անել արդեն իսկ կիսավեր Բուզանդի թիվ 23 տունը: Տանտիրուհին՝ Անժելա Մուրադյանը ողջ ընթացքում տան կտուրին կանգնած փորձում էր ոստիկաններին հավատացնել, որ նրանց գործողությունները մարդկային չեն»:

«Վաղուց Սերժ Սարգսյանը ողջ պերճանքով չէր ներկայացել հանրությանը: Նույնիսկ սկսել էին խոսել, թե նրա դիրքերը խարխլվել են, թե նրա անունը հանված է Հայաստանի 3-րդ նախագահի տիտղոսի թեկնածուների ցուցակից», - գրում է «Այբ-Ֆե»-ն՝ շեշտադրելով. - «Վերջին շաբաթը եկավ փարատելու նման կասկածները. Սերժ Սարգսյանը բացահայտ պնդեց, որ ինքը քաղաքացիական անձ է եւ զբաղվելու է բոլոր քաղաքական խնդիրներով»:

Նույն թերթում պաշտպանության նախարարը պատասխանելով իր եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսի մասին հարցին, ասել է. - «Իմ եղբայրը ինքնուրույն բիզնես է ծավալում, ինձ հետ ի՞նչ կապ ունի»: Իսկ ԱՄՆ-ում Ալեքսանդր Սարգսյանի հայտարարագրած 30 միլիոն դոլարի լուրերի առնչությամբ էլ պաշտպանության նախախարը ասում է. - «Հեքիաթներ են... Ամերիկայում նա հայտարագրել է այնքան գումար, որքան որ Երեւանում՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր: Ո՞ւր է, Աստված տար, այդքան գումար ունենար, ես էլ կօգտվեի»:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության փոխտնօրեն Միխայիլ Մանտրովը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստվում է գնել «Հրազդան ՋԷԿ»-ը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից: Վերջնական որոշումը «ՌԱՕ ԵԷՍ»-ում կկայացվի մինչեւ տարեվերջ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG