Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղու վերականգնման նպատակով հիմնվելու է եռակողմ կոնսորցիում


Տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը այսօր Երեւանում հայտարարել է, որ Վրաստանի համաձայնության դեպքում աբխազական երկաթուղու վերականգնման նպատակով պետք է ստեղծվի եռակողմ կոնսորցիում:

«Եթե վրացական կողմը համաձայնություն տա վերականգնման համար եւ հաստատի դա, մենք եռակողմ՝ Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը, պետք է կոնսորցիում հիմնենք, որոշենք յուրաքանչյուր պետության բաժնեմասը, որ պետք է ներդնենք այդ նախագծի իրականացման մեջ, եւ սկսենք վերականգնել այն», - այսօր լրագրողներին ասել է Լեւիտինը: - «Մեր հաշվարկով, դա կարող է տեւել մոտ 2 տարի: Գումարի մասին կհայտարարենք երկաթուղու աբխազական մասի՝ այժմ ընթացող հետազոտությունն ավարտելուց հետո: Բայց համոզված եմ, որ եթե բոլոր 3 կողմերը պատրաստ լինեն դա անել, ապա նրանք բավարար ուժ էլ ունեն, ֆինանսական հնարավորություններ էլ»:

«Վերականգնելու փորձ ունենք», - հիշեցրեց Լեւիտինը: - «Մինչեւ Սուխումի հատվածը արդեն վերականգնված է, մնացած հատվածը մեկ հիմնական խնդիր ունի՝ դա Ինգուրիի փլված կամուրջն է, որը պետք է ամբողջովին վերակառուցվի»:

Հանձնաժողովի՝ հայկական կողմից համանախագահ Սերժ Սարգսյանը հավելեց, որ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին Հայաստանում գտնվելիս անձամբ հավաստիացրել է, որ իրենք առանց նախապայմանի պատրաստ են սկսել աշխատանքները:

«Հայաստանը անպայման մասնակցելու է, որովհետեւ, եթե չմասնակցի, կդառնա այնպես, որ ճանապարհը պիտի շահագործեն ռուսական եւ վրացական կողմերը: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ձեռնտու կլինի, որպեսզի ֆինանսապես մասնակցի ճանապարհի վերականգնմանը, որպեսզի նաեւ մասնակցի ճանապարհի կառավարմանը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ «խոսքը տասնյակ միլիոնների մասին չէ». - «Բնական է, որ ռուսական կողմը ավելի մեծ չափով պիտի մասնակցի, վրացական կողմը՝ մեզնից մի քիչ ավելի շատ, մենք երեւի՝ ամենից ցածրը, որովհետեւ մեր հատվածը ամենից կարճն է»:

Աբխազական երկաթուղու վերաբացման հարցին անդրադարձ է եղել նաեւ Լեւիտինի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախագահի մամլո ծառայության, ասել է, որ «երկաթուղու գործարկումով կբացվեն համագործակցության եւ զարգացման նոր հնարավորություններ»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG