Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ» շաբաթաթերթը, վկայակոչելով Լոս Անջելեսի իրազեկ աղբյուրը, գրում է, թե Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որը նաեւ համակարգում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող աշխատանքները, արդեն մի քանի տարի է, ինչ ստացել է ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք՝ այսպես կոչված Green card: Թերթի մատուցմամբ, Թումանյանը «նաեւ ձեռք է բերել անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատուն ԱՄՆ-ում ապրող իր բաջանաղի անունով»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Զալինյանը սենսացիոն հայտարարություն է արել. նա ասել է, որ Ղարաբաղում ընդունվելիք Սահմանադրության մեջ կամրագրվեն «մեր այն բոլոր պատմական տարածքները, որոնք գտնվում են Ղարաբաղի իրավազորության տակ»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում գնահատելով Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում տեղ գտած առաջարկները, անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը տարակուսում է. - «Ճիշտն ասած, բնավ չեմ հասկանում, թե ինչու են մեզանում նշանակություն տալիս անհասկանալի նպատակներով եւ անվանումներով ստեղծված տարբեր կազմակերպությունների տեսակետներին... Այդքան լրջացնել եւ արժեվորել այդ կազմակերպության դերը պետք չէ»: «Յուրաքանչյուրն իր ապրուստը վաստակում է ինչպես կարողանում է», - շարունակում է Իսագուլյանը: - «Ես, օրինակ, չէի զարմանա, եթե այս կազմակերպության ֆինանսական աղբյուրներն ուսումնասիրելիս նավթի հոտ գա»:


«168 ժամ»-ը հիշեցնում է, որ ամիսներ առաջ թերթին տված հարցազրույցում սպանության համար ձերբակալված Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանն ասել էր. - «Ես մաֆիոզ չեմ: Նոր Հաճընի 7-րդ քաղաքապետն եմ: Եթե ուշադիր եք եղել, հանրապետության նախագահը շուտ-շուտ ասում է՝ գնացեք Նոր Հաճընի քաղաքապետի մոտ սովորեք, թե ոնց են աշխատում: Միակ քաղաքապետն եմ, որի մասին նախագահը երկու անգամ հեռուստացույցով ասել է՝ քսերոքս արեք էդ տղային»: «Իրոք որ՝ «քսերոքս» անելու տղա է», - հեգնում է թերթը:

Նույն հարցի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի երեկվա ճեպազրույցից «Ազգ»-ն առանձնացված մատուցում է նրա կարծիքը. - «Ժողովրդի տե՞ղն էլ պատասխանեմ», - ասել է վարչապետը, - «ժողովուրդն ընտրում է, ասում եք՝ հակաժողովրդական է, չի ընտրում, ասում եք՝ հակաժողովրդական է»:

«Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ ավանդների հարցն ավելի ակտիվացավ սահմանադրական հանրաքվեից առաջ, եւ արդյո՞ք դա նման չէ համապետական ընտրակաշառքի, Անդրանիկ Մարգարյանը պատասխանում է. - «Սա ընտրակաշառքի հետ ոչ մի կապ չունի, քանի որ մենք որոշել ենք, որ դա ոչ թե առանձին օրենքով պետք է լինի, այլ բյուջեի հետ միասին, իսկ բյուջեն մենք բերում ենք տարվա վերջում: Ուղղակի այս երկու հարցերը համընկան»:

«Հայկական ժամանակ»-ի հայացքով, ակնհայտ է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի քաղաքական կարիերայում նոր փուլ է սկսվում: Թերթի վարկածներից մեկով Աղվան Վարդանյանը կարող է դառնալ սահմանադրության փոփոխությունների նախագծի նախընտրական քարոզչության շտաբի պետ: «Ի վերջո, եթե Աղվան Վարդանյանը դառնա շտաբի պետ եւ հանրաքվեն բարեհաջող ընթացք ստանա, դա կարող է կտրուկ փոխել Քոչարյանի իրավահաջորդը լինելու համար մղվող պայքարում ստեղծված իրավիճակը», - գրում է թերթը՝ շարունակելով. - «Եթե մի պահ փորձենք Աղվան Վարդանյանին համեմատել Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, կարող է ստացվել, որ նա նրանց ամենեւին էլ չի զիջում որպես Ռոբերտ Քոչարյանի հնարավոր իրավահաջորդ»:

«Մենթ օլիգարխի ավտոմեքենան» վերնագրի ներքո «168 ժամ»-ը, ներկայացնելով Jeep եւ Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաների լուսանկարները գրում է. - «Պատկերված ավտոմեքենաները պատկանում են Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների Նուբարաշեի բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Մհեր Ավագյանին: Վերջինիս ավտոմեքենաները մեր ուշադրությունը գրավեցին միայն նրա համար, որ այս երկու մեքենաների վրա էլ փակցված է նույն պետհամարանիշը, մի բան, որն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: Բայց փոխոստիկանապետի դեպքում այս հանգամանքը չի գործում: Ի վերջո, ծնունդով ապարանցի Մհեր Ավագյանի թիկունքին կանգնած է անձամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը»: Թերթը նաեւ գրում է, թե մայոր Ավագյանը հաճախ սիրում է ասել. - «Ես էլ մենթ օլիգարծներից մեկն եմ: ՀՀ-ում, կառավարությունում, ԱԺ-ում եթե ծիծակ համարներով օլիգարխներ կան. մեր մոտ խի՞ չպիտի լինեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG