Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունը առաջարկում է Ազգային ժողովում հատուկ լսումներ հրավիրել Երեւանի կենտրոնի իրացմանն առնչվող հարցերով


«Քաղաքացիական եւ ազգային նախաձեռնություն» կազմակերպության նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը կայացած «Պետական կարիքների զոհերը» վերնագրով քննարկման մասնակիցները կրկին անդրադարձան մայրաքաղաքի կենտրոնի՝ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, մյուս իրացման գոտիների բնակիչներին սեփականությունից զրկելու գործընթացի հետ կապված ապօրինություններին:

Հիմնական բանախոսը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը, ներկայացնելով եզրակացությունները՝ կոչով դիմեց իշխանություններին. - «Խնդրո վերաբերյալ երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության, իրավատեր ու պահանջատեր ՀՀ քաղաքացիների հետ, դադարեցնել տեղի ունեցող կամայականություններն ու ապօրինությունները»:

«Կոչ անել Ազգային ժողովին՝ խնդրի քննարկման համար հրավիրել Ազգային ժողովի լսումներ», - շարունակեց Սաֆարյանը: - «Բացառված չէ, հասունացած է նաեւ ողջ գործընթացի օրինականությունն ու ընթացքը ուսումնասիրելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Կառավարության ընդունած որոշումների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ուսումնասիրելու համար դիմել Սահմանադրական դատարան»:

Հանուն «պետական կարիքների» իրականացվող գործընթացի ժամանակ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների մասին արդեն հրապարակված զեկույցը ներկայացրեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ իրենց սեւեռման կիզակետում հարցն է, թե արդյո՞ք քաղաքի այդ մասում բնակված մարդիկ «չպիտի ստանան իրավունք ապրելու համար ունենալ մի տարածք, որը Կենտրոն թաղի շրջանակներում է»:

Ալավերդյանը արդեն ներկայացրել է իր տեսակետը խնդրի վերաբերյալ՝ մասնավորապես հաստատելով, որ թե’ շուկայականից անհամեմատ ցածր գներով փոխհատուցումը, թե’ վտարման գործընթացը, թե’ այն փաստը, որ մարդկանց իրենց սեփականությունից զրկելու որոշումը կայացրել է ոչ թե Ազգային ժողովը, այլ կառավարությունը, մարդու իրավուքների, նաեւ Հայաստանի մի շարք օրենքների ու Սահմանադրական նորմերի խախտում է:

Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, թե խնդիրը դեռեւս կարելի է կարգավորել ֆինանսական միջոցներով՝ փոխհատուցումը համապատասխանեցնելով շուկայական գներին:

Քննարկմանը ներկա էր ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության խոսնակ Ռուզան Խաչատրյանը, ում օրինակը՝ որպես քաղաքապետարանի հետ պայմանագիրը ստորագրած եւ գործարքից գոհ մնացած բնակչի, հաճախ են բերում թե’ քաղաքապետը, թե’ քաղաքապետարանի համապատասխան ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավարը: Խաչատրյանը այսօր պնդեց, որ բոլորովին գոհ չէ իրեն առաջարկված փոխհատուցումից, իսկ պայմանագիրը ստորագրել է միայն գործը հարկադիր կատարողների հետ ֆիզիկական քաշքշուքի չհասցնելու համար:

«Ես ունեի սեփական, նորոգած գեղեցիկ մի տուն քաղաքի կենտրոնում, որի դիմաց ստացել եմ մի գումար, որով առել եմ Աջափնայկում վթարային մի բնակարան», - ասաց նա:

Մոտ 35 քառակուսի մետր բնակտարածքը կոնկրետ Ռուզան խաչատրյանի դեպքում, անշարժ գույքի գործակալությունը գնահատել է մոտ 15 հազար դոլար: Եվս մոտ 10 հազար էլ առաջարկվել է որպես «խրախուսում»: Այս ամենից հանած 10 տոկոս պահվող հարկը՝ ստացվում է մոտ 23 հազար:

Ծրագրի իրականացման գասենյակի տնօրեն Կարեն Դավթյանը, մինչդեռ, այսօր ողջ քննարկման ընթացքում շարունակում էր պնդել, որ գնահատումը կատարվել է շուկայական գներին համապատասխան: Նա կրկին հայտարարեց, թե սեփականությունը արդար է գնահատվել՝ պնդելով, թե մեկ սենյականոց բնակարան (ճիշտ է՝ ոչ թե քաղաքի փոքր Կենտրոնում, այլ Արաբկիր համայնքում) Բաղրամյան – Կոմիտաս – Կիեւյան փողոցների հատվածում կարելի է գնել 20-30 հազար դոլարով:

ՄԻնչդեռ, 20 հազար դոլարով մեկ սենյականոց բնակարան այսօր մեծ դժվարությամբ կարելի է գնել միայն Երեւանի ծայրամասերում: Իսկ Արաբկիրի ու առավել եւս Կենտրոնի մասին պարզապես խոսք անգամ լինել չի կարող:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG