Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը կոչ է անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը չորեքշաբթի օրը կայացած նիստում որոշել է «ոչ» ասել նոյեմբերին հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Ընդունվել է նաեւ հայտարարություն, որով հանրությանը կոչ է արվում հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել Սահմանադրության փոփոխված տարբերակին:

«Ոչ ասելով, այսպես կոչված, սահմանադրական փոփոխություններին, դուք «ոչ» եք ասում այն վարչախմբին, որը պատասխանատու է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կազմակերպված քաղաքական ահաբեկչության համար, կեղծել է 1998 եւ 2003 թվականների նախագահական եւ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, 2004 թվականի ապրիլի 13-ին խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացրել է վայրագություններ, գործելաոճ է դարձրել զանգվածային բռնությունները եւ մարդու իրավունքների ոտնահարումը», - ասված է հայտարարությունում:

Նիստում որոշվել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը ղեկավարելու է դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նրա խոսքերով, խորհուրդն իր աշխատանքը տանելու է երկու ուղղություններով՝ քարոզչական եւ կազմակերպչական: Առաջինը ենթադրում է հանդիպումներ բնակչության հետ, երկրորդը առնչվելու է ընտրական հանձնաժողովների անդամների եւ դիտորդների աշխատանքին:

Վիկտոր Դալլաքյանը նաեւ ասաց, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները վաղը հանդես են գալու համատեղ հայտարարությամբ՝ ժողովրդին կոչ անելով «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

«Այսինքն՝ մասնակցել այդ գործընթացին եւ ոչ ասել սահմանադրական փոփոխություններին», - պարզաբանեց նա:

Այդուհանդերձ, «Արդարություն» դաշինքի ներսում, սակայն, մարտավարական առումով տարաձայնություններ կան: Ասենք, Ազգային ժողովրդավարական միությունը արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը՝ բոյկոտել հանրաքվեն:

«Մենք կողմ ենք լինելու, որպեսզի ժողովուրդը չգնա քվեարկության եւ վերստուգվի, որպեսզի կեղծիքներ չլինեն», - այսօր ասաց Մանուկյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախկին ղեկավար անդամ, դեռեւս չգրանցված «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Ալբերտ Բազեյանը ասաց, որ իրենց դիրքորոշումը կհստակեցնեն նոյեմբերի սկզբին կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարում:

«Սահմանադրական փոփոխությունները մեզ համար ընդունելի չեն», -այդուհանդերձ, ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը կողմ է «ակտիվ դեմ»-ին՝ ե’ւ բոյկոտի ձեւով, ե’ւ «ոչ»-ի ձեւով, ե’ւ հանրահավաքներով:

ՀԺԿ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը կողմ է անպայման հանրաքվեին գնալուն եւ դեմ քվեարկելուն՝ «որպեսզի մարդկանց ձայները չկեղծվեն»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG