Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքը բողոքարկել է դատավճիռը


Թուրքիայի տեղական դատարանի վճռով վեցամսյա պայմանական ազատազրկման դատապարտված, «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը արդեն դիմել է Թուրքիայի Բարձրագույն դատարան:

Նախորդ շաբաթ դինքը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ եթե իր վրայից չհանվի այս մեղադրանքը, կհավաքի ընտանիքն ու կհեռանա Թուրքիայից:

«Այո, կանեմ դա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր էլ պնդեց Հրանտ Դինքը՝ փաստարկելով. - «Եթե այդ մուրը իմ ճակատիս վրա քսեն, ապա, ինչպես արել են իմ պապերը՝ անձայն, անշշուկ ստիպված լինելով հեռանալ այս երկրից՝ վերցնելով իրենց ընտանիքները, ես էլ նույնը կանեմ... Ինչպես իմ պապերս ճամփա ընկան՝ առանց իմանալու, թե ուր են գնում, ես էլ կհեռանամ: Բայց նրանց պես անձայն չեմ գնալու այս երկրից... Աշխարհը ոտքի պիտի հանեմ»:

«Դու ոչ մի տեղ էլ չպետք է գնաս, Հրանտ Դինք». սա վերնագիր է
Թուրքիայի անգլալեզու «Թըրքիշ Դեյլի Նյուզ» թերթի հոդվածի, որի թուրք հեղինակը գրում է. - «Ռչ, Դինք, դու ոչ մի տեղ էլ չպետք է գնաս, քանի որ հենց այստեղի մարդ ես: Անգամ եթե հիմար պատիժ ես ստացել, միեւնույն է, դու մեր մի մասն ես»:

Հրանտ դինքը ասաց, որ միայն «Թըրքիշ Դեյլի Նյուզ»-ը չէ. նման կարգախոսներով բազում զանգեր ու նամակներ է ստանում համալսարաններից, մտավորականներից, նույնիսկ քաղաքական գործիչներից:

Նախորդ շաբաթ Ստամբուլի տեղական դատարանը վեցամսյա պայմանական ազատազրկման դատապարտեց Հրանտ Դինքին՝ ամբաստանելով թուրքերին անարգելու մեջ: Դինքը վիճարկված հոդվածում հայությանը հորդորել էր իրենց արյունն ատելությամբ չթունավորել թուրքերի հանդեպ, այլ մտածել Հայաստանի ապագայի մասին: Դատարանը, սակայն, վճռել էր, թե Դինքը թուրքերի արյունն է բնորոշել որպես թունավոր:

«Երբեք չեմ անարգել», - այսօր եւս պնդեց նա: - «Ես որեւէ ազգ երբեք չեմ անարգի: Հայը նման բան չի անի: Մենք չենք անարգում, բայց մեր իրավունքը փնտրում ենք: Ես էլ հենց դա եմ անում՝ իմ իրավունքն եմ փնտրում, իմ պապերի իրավունքն եմ փնտրում»:

Վիճարկված հոդվածում մի քանի տեղ եղել է ցեղասպանության հիշատակում, եւ, ըստ Դինքի, հենց դա է իրեն դատելու իրական պատճառը:

«Բայց այդ ուղղությամբ չեն հանդգնում ինձ պատիժ նշանակել եւ բանտարկել, քանի որ դա միջազգային մեծ աղմուկ կհանի», - ասաց նա՝ ավելացնելով, որ դատելու նպատակը իրեն լռեցնելն է: - «Բայց ոչ. պիտի չլռեմ, պիտի գրեմ, պիտի խոսեմ մինչեւ վերջ»:

Թուրքիայի բարձրագույն դատարանում լսումները կարող են տարիներ տեւել, կարող են եւ աղմուկ չհանելու համար շատ կարճ տեւել: Այս ատյանում իրեն չարդարացնելու դեպքում, Հրանտ Դինքը մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Դեկտեմբերին գրեթե նույնպիսի դատավարություն Թուրքիայում սպասվում է 0րհան Փամուկի նկատմամբ: Հանրահայտ գրողը գրականության նոբելյան այս տարվա հավանական մրցանակակիրներից է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG