Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների մակարդակով այսօր մեկնարկեցին 2006 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ներկայացնելով փաստաթուղթն ասաց, թե նախորդ գիշեր կայացած կոալիցիայի խորհրդի նիստում նախագծի հիմնական պարամետրերի շուրջ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։

Վարչապետը հավելեց, թե առաջին անգամ իրենք մեկ միլիարդ դոլարանոց բյուջե են ծրագրել, որի հիմնական ծախսերը սոցիալական ուղղվածություն ունեն, ներառյալ՝ խորհրդային Խնայբանկի ավանդների ինդեքսավորումն ու փոխհատուցումը:

Ըստ վարչապետի, ավանդների փոխհատուցում կտրվի միայն սոցիալապես խոցելի ավանդատուներին՝ 70 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուները, 70-ից ցածր տարիքի միայնակ թոշակառուներին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների եւ նրանց հավասարեցված ընտանիքիների անդամներին, հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ այլն:

Կառավարությունը պատրաստ է արդեն հաջորդ տարի բյուջեից այդ նպատակին մեկ միլիարդ դրամ հատկացնել։ Իսկ ավանդներիի փոխհատուցման բանաձեւը, վարչապետի ներկայացմամբ, հետեւյալն է. մինչեւ 1000 խորհրդային ռուբլու դիմաց կվճարվի 200 դոլարին համարժեք դրամ, 1000-3000 ռուբլու դեպքում՝ 140, 3000-5000 ռուբլու դեպքում՝ 80, 5000-10000 ռուբլու դեպքում՝ 40, եւ վերջապես 10000 եւ ավելի ռուբլի անվանդի դեպքում՝ 20 դոլարի փոխհատուցում։

Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե առայժմ հայտնի չէ, թե քանի ավանդատու կկարողանա ստանալ այդ մասնակի փոխհատուցումը:

«Թիվը այսօր անհայտ է», - ասաց նա: - «Այսօր մենք առաջարկելու ենք, որպեսզի կառավարությանը տան կես տարի ժամանակ, որպեսզի կարողանանք բազաներից ընտրել, համադրել եւ ստեղծել նոր բազա... Դրանից հետո կորոշվի քանակը եւ այդ համաչափությունը: Կառավարությունը կմշակի կարգ այդ գործընթացը կազմակերպելու համար, կնշանակի լիազոր մարմին»:

Հարցին, թե ինչ ժամկետներում է հնարավոր ավանդների թեկուզ չնչին այդ փոխհատուցումը, երկրի վարչապետը պատասխանեց. - «Մենք չենք ենթադրում, որ մեկ տարում կամ երկու տարում հնարավոր է անել, բայց կառավարությունը իր վրա պարտավորություն վերցնում է՝ նպաստառուների ցուցակում ընդգրկված ավանդատուների ավանդների վերադարձման խնդիրը իր գործունեության ժամանակահատվածում, որքան հնարավոր է, տալ»:

Վարչապետն հավելեց, թե ինքն ընդհանրապես ավելորդ է համարում ավանդների փոխհատուցման վերաբերյալ որեւէ օրենքի հատուկ օրենքի ընդունումը՝ վկայակոչելով այդօրինակ գործընթաց իրականացրած մեկուկես տասնյակ այլ երկրների փորձը, որը, ըստ վարչապետի, մեծ մասամբ բացասական է։

Ըստ երեւույթին, վարչապետի նման հայտարարությունները նաեւ թելադրված են ներկոալիցիոն խնդիրներով։ Անդրանիկ Մարգարյանը դրանով թե' «Օրինաց երկիր»-ին եւ թե' ընդդիմությանը հասկացնում է, որ թույլ չի տա ավանդների փոխհատուցման հարցը դարձնել հավելյալ քաղաքական դիվիդենդներ վաստակելու լծակ, իսկ իր կառավարությունը՝ քավության նոխազ։

2006 -ի բյուջեին վարչապետ վերագրում է այսպիսի առաքելություն. - «Արդեն չորրորդ տարին է, որ մենք ասում ենք սոցիալական ուղղվածության բյուջե, որովհետեւ դրա նպատակը աղքատության կրճատումն է»:

Գալիք տարվա պետական բյուջեի պարամետներն են. եկամուտներ՝ 382 միլիարդ դրամ, ծախսեր՝ 451 միլիարդ, դեֆիցիտ՝ մոտ 70 միլիարդ։ Ըստ վարչապետի, այս տարվա համեմատ եկող տարի կառավարությունը շուրջ 53 միլիարդ դրամով ավելի կծախսի։ Իր եկամուտների ու ծախսերի տարբերության ավելի մեծ մասը՝ մոտ 47 տոկոսը կծածկի ներքին ռեսուրսների հաշվին։

Պետությունը ծրագրել է զգալիորեն ավելացնել կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի ծախսերը, ուսուցչի աշխատավարձը հասցնել մոտ 60 հազար դրամի, 50 տոկոսով ավելացնել քաղաքացիական աշխատողների բազային աշխատավարձը՝ հունվարի մեկից սահմանելով 30 հազար դրամ։ Կենսաթոշակները միջին հաշվով կավելանան 2 հազար դրամով, աղքատության նպաստները՝ նույնպես: Նվազագույն աշխատավարձը 13 հազարից կդառնա 15 հազար դրամ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG