Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայս. «Միացյալ Նահանգները ԱՊՀ տարածքում նոր ռազմակայանների կարիք չունի»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեքշաբթի օրը Բիշքեկում հայտարարել է, որ միջազգային ահաբեկչության դեմ մղվող պատերազմում Միացյալ Նահանգները ԱՊՀ տարածքում նոր ռազմակայանների կարիք չունի:

«Միացյալ Նաանգները կարող է ապրել առանց Ուզբեկստանի ռազմակայանի եւ տարածաշրջանում լրացուցիչ անշարժ գույք չի փնտրում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Կոնդոլիզա Ռայսը, փաստորեն, հաստատել է, որ Ուզբեկստանի «Քարշի-Խանաբադ» ռազմակայանը կփակվի, իսկ Ղրղըզստանի «Մանաս» ռամակայանը, որտեղ տեղակայված են շուրջ 1000 ամերիկացի, ֆրանսիացի եւ իսպանացի զինվորականներ, կշարունակի գործել:

Գործակալությունը նաեւ նշում է, որ լարվածությունը ռազմակայանների հարցում ծագել է այս ամռանը, երբ Շանհայան համագործակցության կազմակերպությունը, որում գերակայող դիրք ունեն Ռուսաստանը եւ Չինաստանը, հորդորել էր Միացյալ Նահանգներին դուրս բերել իր ռազմակայանները Ուզբեկստանից եւ Ղրղըզստանից:

ԱՄՆ պաշտոնատար անձինք այս կապակցությամբ նշում են, որ Կենտրոնական Ասիայում «սառը պատերազմի» ժամանակները հիշեցնող շահերի բախում չէ, այլ ընդամենը «հակամարտություն հին եւ նոր գաղափարների միջեւ՝ քաղաքական ազատությունների ու տնտեսական զարգացման վերաբերյալ»:

«Ես խոսելու եմ ընդհանուր արժեքների կարեւորության մասին: Ամերիկան իրեն լավագույն կողմից է դրսեւորում, երբ պայքարում է սկզբունքների, ոչ թե իշխանության համար», - այս առթիվ հայտարարել է Կոնդոլիզա Ռայսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG