Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի շահագործումը դրականորեն կանդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա»


Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում հոկտեմբերի 12-ին կկայանա Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու են Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները, Միացյալ Նահագների նախագահի Կասպյան տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը:

«Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի շահագործումը կապահովի տարադրամի մեծ ծավալի ներհոսք Ադրբեջան եւ կմեծացնի երկրի տնտեսական հնարավորությունները», - ըստ ադրբեջանական day-az-ի, երեքշաբթի օրը Ղազախ քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ դա թույլ կտա ավելացնել սոցիալական վճարները, բարձրացնել աշխատավարձը եւ կենսաթոշակը, ստեղծել նոր ենթակառուցվածքներ: Նրա խոսքերով, 2006 թվականի 4 միլիարդանոց պետբյուջեն թույլ կտա ավելի արդյունավետ կերպով լուծել սոցիալական խնդիրները Ադրբեջանում:

1762 կիլոմետր երկարությամբ եւ տարեկան 50 միլիոն տոննա տարողունակությամբ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի շինարարությունը սկսվել է 1999 թվականին: Նավթատարի կառուցման վրա ծախսվել է շուրջ 4 միլիարդ դոլար:

Ադրբեջանական նավթն արդեն հատել է ադրբեջանա-վրացական սահմանը եւ մոտենում է Թուրքիայի տարածքին: Առաջիկա 3 ամիսների ընթացքում նավթով կլցվի նավթատարի թուրքական հատվածը: Նախատեսվում է, որ ադրբեջանական նավթով առաջին տանկերը Ջեյհան նավահանգստից դուրս կգա մինչեւ 2005 թվականի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG