Մատչելիության հղումներ

Կապի եւ տրանսպորտի նախարարությունը մերժել է «ԱրմենՏել»-ի առաջարկը


Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ նախարարությունը մերժել է «ԱրմենՏել»-ի առաջարկը լարային հեռախոսակապի սակագները բարձրացնելու վերաբերյալ:

Սակագները բարձրացնելու առաջարկով «ԱրմենՏել»-ը դիմել էր անցած օգոստոսին՝ ակնկալելով կրկնապատկել բաժանորդային վճարը, որ այսօր կազմում է 950 դրամ, եւ գրեթե կրկնակի կրճատել րոպեավճարից ազատված խոսելաժամանակը:

Նախարարը այսօր հայտարարեց, որ նախարարությունը սկսվելիք նոր բանակցությունների ընթացքում փորձելու «ԱրմենՏել»-ի ղեկավարությանը ապացուցել, որ ներկայացված պահանջները հիմնավորված չեն:

«Մենք առաջարկում ենք տնտեսագիտորեն հիմնավորված սակագներ», - ասաց Մանուկյանը: - «Պարզ է, որ մեր առաջարկը մեր բնակչության համար երբեք ոչ ձեռնտու չի լինի»:

Նա հավաստիացրեց, թե իրենք կփորձեն պահպանել ներկայիս սակագները:

«Միգուցե չնչին շեղումների կլինեն», - այդուհանդերձ ասաց նա:

Եթե «ԱրմենՏել»-ի հետ նոր բանակցությունների 45 օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվի, ըստ նախարարի, կպահպանվեն հին սակագները, սակայն «ԱրմենՏել»-ի մենաշնորհը կերկարի երեք տարով:

«Այս դեպքում կա մի շատ ավելի լուրջ վտանգ», - ասաց Անդրանիկ Մանուկյանը: - «Այդ դեպքում «ԱրմենՏել»-ի մենաշնորհը երկարում է մինչեւ 2012 թվականը»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG