Մատչելիության հղումներ

Թոմաս Դայն. «Խորհրդարանական ընտրությունները փորձաքար են Ադրբեջանի համար»


«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Դայնը Բաքվում երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ադրբեջանում դեռ երբեք ժողովրդավարական ընտրություններ չեն կայացել, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են ընձեռում ապացուցելու, որ Ադրբեջանը ընթանում է ժողովրդավարական ուղիով:

«Ադրբեջանում երբեք չեն անցկացվել ժողովրդավարական եւ ազատ ընտրություններ, եւ միջազգային հանրությունը ցանկանում է, որ դա ըմբռնեն նաեւ Ադրբեջանում», - ըստ ադրբեջանակասն ANS հեռուստաընկերության, ասել է Դայնը: - «Այս ընտրությունները Ադրբեջանին ընձեռված հնարավորություն են եւ միաժամանակ՝ փորձաքար երկրի համար»:

Անդրադառնալով ընդդիմության չարտոնված հանրահավաքների խնդրին, Դայնը նշել է, որ դա քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտում է: «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պես մեծ տերությունները նույնպես մարդկանց արգելում են որոշակի վայրերում հավաքներ անցկացնել: Այդ հարցը, սակայն, կարգավորվում է երկխոսության հիման վրա: Հուսով եմ, այս խնդիրը Ադրբեջանում եւս կկարգավորվի», - շեշտել է Թոմաս Դայնը:

Այցի ընթացքում ծրագրված են «Ազատություն» ռադիոկայանի նախագահի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, պետական պաշտոնյաների եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG