Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանում ուրբաթ օրը մեկնարկած օտարագիր հայ գրողների առաջին համաժողովի շրջանակներում, որին մասնակցում են շուրջ երկու տասնյակ հայազգի գրողներ աշխարհի 15 երկրներից, երկուշաբթի օրը տեղի ունեցավ «Ազգային ճակատագիրը եւ օտարագիր հայ գրականությունը» գիտաժողովը:

«Մենք պիտի կարողանանք մեր գրականությունը ստեղծել այնպիսի հայացքով, որ դա հասցեագրված լինի ոչ միայն հայից հային, այլ հայից աշխարհին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը: - «Ահա այս գրողները գտել են այդ լեզուն՝ աշխարհին հասցեագրելով իրենց հայկական նամակը»:

Այսօրվա գիտաժողովին մասնակցում էին նաեւ սփյուռքահայ պարբերականների խմբագիրներ, սփյուռքահայ գրականագետներ, ովքեր իրենք ելույթներում անդրադարձան օտարագիր հայ գրականության առաձնահատկություններին՝ ընդգծելով դրա դերը Հայոց ցեղասպանության ողբերգական իրողությունը աշխարհին հասցնելու գործում:

«Այդ գրականության առանցքում, որ նրանք ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, մշտապես ընկած է Ցեղասպանության թեման, Հայ Դատը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: - «Եվ այսօր, եթե մենք ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման բավական բուռն ընթացքը աշխարհի տարբեր երկրներում, մենք պարտական ենք նաեւ օտարագիր հայ գրողներին»:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարում՝ համաժողովի մասնակիցներին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG