Մատչելիության հղումներ

logo-print
Բաքվի ոստիկանությունը կիրակի օրը ցրել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում «Ազադլիգ» ընդդիմադիր ընտրական դաշինքի կողմնակիցների հերթական չարտոնված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին ազատ եւ արդար ընտրությունների անցկացում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ոստիկանության տվյալներով, հանրահավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել 400-ը, մինչդեռ ընդդիմադիրները հայտարարում են, որ ցուցարարների թիվը շատ ավելին է եղել: Միջադեպի արդյունքում, ըստ Բաքվի ոստիկանության, ձերբակալվել է 28 մարդ, 11 ոստիկան վիրավորվել է:

«Ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել հարյուրավոր մարդկանց: 27 մարդ, այդ թվում 10 լրագրող, վիրավորվել է: Նրանցից երկուսին տարել են վերակենդանացման բաժին: Ավելի քան 100 ցուցարարներ ձերբակալվել են», - հայտարարել է Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին եւ ավելացրել. - «Կառավարությունը պատրաստ է թափել Ադրբեջանի ժողովրդի արյունը, եւ այդ քաղաքականությունը կունենա բումերանգի ազդեցություն»:

Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Սթեյնար Գիլը քննադատել է իշխանությունների կողմից ուժի կիրառումը եւ նշել, թե «ինքը չի հավատում, որ ցուցարաները վտանգ էին ներկայացնում». - «Ոստիկանները գերազանցել են իրենց իրավասությունները, նույնիսկ՝ եթե նրանց հրահրել են»:

Դիվանագետը նաեւ կրկնել է Արեւմուտքի կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների հորդորը՝ հանդարտեցնել իրավիճակը, բացառել բռնությունները նախընտրական պայքարի ընթացքում եւ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

Վերջին ամսվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Բաքվի ոստիկանությունը բռնի ուժով ցրում է ընդդիմադիր «Ազագլիգ» դաշինքի չարտոնված հանրահավաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG