Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում hայազգի լրագրողը պայմանականորեն դատապարտվել է կես տարվա ազատազրկման


Այսօր Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինթնությունը վիրավորելու համար»:

«Ասոշիէյթեդ Փրես» գործակալության համաձայն, դա նշանակում է, որ «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»:

Անցած տարեսկզբին տպագրված հոդվածում Դինքը դիմել էր հայերին՝ հորդորելով նրանց «հրաժարվել թուրքերի հանդեպ թշնամությունից, որը թունավորում է ձեր արյունը»: «Ակոս»-ի խմբագիր Կարին Կարաքաշլիի կարծիքով, դատարանը համատեքստից դուրս է մեկնաբանել այս բառերը՝ եզրակացնելով, թե թուրքական արյունը, Դինքի կարծիքով, թունավոր է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ուրբաթ օրը Հրանտ Դինքը լիովին մերժեց մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական: Նա հայտնեց, որ բողոքարկելու է վճիռը Գերագույն դատարանում, իսկ եթե մեղադրանքը ուժի մեջ մնա՝ դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

«Եթե այս մեղադրանքները չհանվեն իմ վրայից, ես կհեռանամ Թուրքիայից, որտեղ ապրել եմ ողջ կյանքս», - ասել է Դինքը:


Ռուզան Խաչատրյան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG