Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովը


Հինգշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հովանավորությամբ իր աշխատանքը սկսեց Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովը։

5-րդ դարում, հայոց գրերի գյուտից անմիջապես հետո, հայ թարգմանիչները ձեռնամուխ եղան Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը: Հայոց գրերի գյուտի 1600-ամյա հոբելյանական տոնակատարությունների շրջանակում կազմակերպված այս գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք հեղինակավոր համալսարանների մեկ տասնյակից ավելի գիտնականներ։

Գիտաժողովի մասնակիցներին իր օրհնությունը տվեց Ամենայն Հայոց Հայրապետը։

«Մեզ համար մեծ ուրախություն է, որ գիտաժողովը անդրադառնալով Աստվածաշունչ Մատյանի հայերեն թարգմանության հարցերի, ինչպես եւ` մեր ժողովրդի հոգեւոր գրական ժառանգության տարբեր խնդիրների, մասնավորելով գիտական առումով դեռեւս չլուսաբանված կողմերն այդ ժառանգության, մեկ անգամ եւս կարեւորելու է նրա հոգեւոր ու մշակութային արժեքն ու տեղը համաշխարհային մշակույթի ու պատմության մեջ», - ասել է Նորին Սրբությունը։ - «Մենք հավատում ենք, որ այս գիտաժողովի հրավիրումը հավատի նորոգության առիթ ու խրախույս է դառնալու եւ դառնալու է հրավեր` Աստվածաշունչ Մատյանը անաղարտ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու»։

Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ հոկտեմբերի 8-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի ուխտագնացություն են կազմակերպում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմը Հայաստանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG