Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նոյեմբերյան սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Հայկական ժամանակ»-ն այսօր փորձել է ուրվագծել հնարավոր քաղաքական զարգացումների շարժառիթները. - «Եթե Ռոբերտ Քոչարյանը իսկապես մտադիր չէ 2008 թվականից հետո մնալ նախագահի պաշտոնում, նշանակում է իրավահաջորդի խնդիրը ամեն օրվա հետ ավելի ու ավելի արդիական է դառնում»: Մյուս կողմից, թերթը նկատել է, թե սահմանադրական փոփոխությունը թեկուզ չնչին, բայց եւ միակ սողանցքն է, որ նրան հնարավորություն է տալիս նախագահական նախորդ ժամկետները «փչել» եւ հաշվարկները սկսել զրոյից: «Միեւնույն ժամանակ, այդ փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում ինքը որպես անձ դառնում է անձեռնմխելի, ասել է թե՝ կարող է հանգիստ իշխանության փոխանցում իրականացնել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: Այդուհանդերձ, թերթի համոզմամբ, իրավահաջորդի համար պայքարի ելքը ոչ ոք չի կարող կանխատեսել». - «Այնինչ, ներիշխանական հարաբերություններում եւ ներքաղաքական զարգացումներում գնալով ավելի ու ավելի ուժեղ է նկատվելու իրավահաջորդի հարցի խաղարկումը, եւ այս պրոցեսը կարող է կանգնել միայն մի դեպքում` եթե ընդդիմությունն ուժեղանա այն աստիճան, որ կարողանա վերցնել իշխանությունը: Ու քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, իշխանության համար պայքարը նախեւառաջ տեղի է ունենալու իշխանության ներսում»:

«Առավոտ»-ի խմբագրականը, Հայաստանում դրսից պարտադրված իշխանափոխության հիմքեր չտեսնելով, զուգահեռներ է տարել ավելի կոշտ ռեժիմների հետ. - «Քաղաքական ռեժիմը Հայաստանում թեեւ ամենեւին ժողովրդավարական չէ, բայց ավելի մեղմ է, քան Ուզբեկստանում եւ Բելառուսում: Բայց առավել էականն այն է, որ ներկայիս Հայաստանը Արեւմուտքին ոչնչով չի խանգարում: «Գունավոր հեղափոխությունների» հայաստանյան կողմնակիցները առայժմ որեւէ հիմնավոր փաստարկ չեն բերել, թե այդ ինչո՞վ է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա հնարավոր իրավահաջորդները ձեռնտու չեն Արեւմուտքին: Այն չնչին չափով, որով Հայաստանն առնչվում է մեր տարածաշրջանում Արեւմուտքի ռազմավարական կամ տնտեսական շահերին, մենք միանգամայն ձեռնասուն ենք եւ կանխատեսելի: Իսկ «բարձր մատերիաները», որպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ արդար ընտրությունները, Արեւմուտքին շատ քիչ են հետաքրքրում»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի համոզմամբ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տապալելու ընդդիմության կեցվածքը նրա համար իշխանության գալու «վերջին հնարավորության կորուստ է նշանակում»: Թերթը պատահական չի համարում, որ ընդդիմությունն իր քարոզչության առանցք է դարձրել իշխանության հանդեպ վստահության հարցը. - «Այսինքն, եթե գործող իշխանությունները այսպիսին են, ուրեմն պետք է մերժել նրանց առաջարկած սահմանադրական փոփոխությունները՝ ուշադրություն չդարձնելով նույնիսկ բովանդակային կողմի վրա»։ Թերթի փոխանցմամբ՝ «սրանց բացարձակապես չի հետաքրքրում, որ Սահմանադրությունը փոփոխվում է ոչ թե իշխանության, այլ պետության եւ հասարակության հետագա զարգացման համար»։ «Ստացվում է, որ ընդդիմության մարտավարությունը հիմնված է «որքան երկրի համար վատ՝ այնքան ընդդիմության համար լավ» տրամաբանության վրա», - եզրակացրել է «Հայոց աշխարհ»-ը։

«168 ժամ» շաբաթաթերթի մեկնաբանն այսօր իր տպավորություններ է փոխանցել Ղարաբաղյան այցի ընթացքում մարդկանց հետ շփումների ու ինքնահռչակ պետության ապագա կարգավիճակի վերաբերյալ նրանց պատկերացումների մասին՝ մասնավորապես, գրելով. - «Սովորական մարդիկ ուզում են Հայաստանին միանալ, իսկ տարբեր աստիճանի չինովնիկների համար Ղարաբաղի անկախությունն ինքնասիրության կամ եսասիրության նման մի բան է»: Մեկնաբանի համոզմամբ, սա «պարզ է ու հասկանալի»: «ԼՂՀ ինչոր նախարարությունում վարչության պետ լինելու եւ Հայաստանի մարզպետարաններից մեկում բաժին ղեկավարելու միջեւ կարգավիճակի ահռելի տարբերություն կա», - նկատել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Գուցե կարգավիճակի այս բարձր գիտակցությունն է պատճառը, որ Ղարաբաղի կառավարությունը իր սուղ միջոցները մարդկային զարգացման ծրագրերին ուղղելու փոխարեն, Ստեփանակերտի կենտրոնում Ազգային ժողովի նոր շենք է կառուցում»։

«Ազգ» թերթն այսօր մեջբերում է արել շվեցարական «Տան» թերթում Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզի՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հոդվածից, որում հայտնի փորձագետը առաջարկել է ղարաբաղյան խնդիրը կարգավորել մինչեւ 1991 թվականը Ղարաբաղում բնակված հայերի եւ ադրբեջանցիների շրջանում անցկացված հանրաքվեի միջոցով։ Ըստ փորձագետի, իր առաջարկած կարգավորման մոդելը կյանքի կոչելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններն անհապաղ դադարեցնեն փոխադարձ ատելության բորբոքման քարոզարշավը լրատվամիջոցներում։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, «Ադրբեջանը կարող էր ավելի արագ ներդնել նավթից ստացված գումարները տնտեսության զարգացման մեջ՝ սպառազինությունների ավելացման փոխարեն, իսկ Հայաստանը պետք է հասկանար, որ 21-րդ դարի սկզբին միջազգային ասպարեզում լավ չէ հանդես գալ օկուպանտ պետության դերում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG