Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը 4 միլիոն դոլար է ստացել ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար


2005-2008 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրին աջակցության նպատակով ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 4 միլիոն դոլար: Դա 7,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ դրամաշնորհի երկրորդ փուլն է:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Երեւանում կայացած ասուլիսում Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում Գլոբալ հիմնադրամի տարածաշրջանային մենեջեր Վիկտոր Չերնյավսկին նշել է, որ առաջին փուլը ավարտվել է 2005 թվականի սեպտեմբերին, իսկ երկրորդ փուլը նախատեսում է լայնածավալ միջոցառումներ կանխարգելման, խնամքի եւ աջակցության ոլորտներում:

Չերնյավսկին հայտնել է, որ Գլոբալ հիմնադրամը նաեւ հաստատել է Հայաստանին տրամադրվելիք տուբերկուլյոզի դեմ պայքարի դրամաշնորհը՝ 3,8 միլիոն 2 տարվա համար եւ 7,6 միլիոն 5 տարվա համար, որոնք պետք է փոխանցվեն մինչեւ 2009 թվականի նոյեմբերի 1-ը:

1988 թվականից մինչեւ 2005 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանում պաշտոնապես գրանցվել են 360 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 341-ը՝ Հայաստանի քաղաքացիներ: 2005 թվականի 9 ամիսներին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 56 նոր դեպք, որից 53-ը հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացիների մոտ, ինչն ամենաբարձրն է նախորդ տարիների համեմատ:

ՄԻԱՎ վարակակիրների կազմում գերակշռում են տղամարդիկ 267 դեպք (78.3 տոկոս): Կանանց մոտ գրանցվել է 74 դեպք (21.7 տոկոս), իսկ 6 դեպք արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ վարակակիրների մեծամասնությունը 20-39 տարեկան են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG