Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյան. - «Դեպի Եվրամիություն Թուրքիայի ձգտումը համապատասխանում է Հայաստանի քաղաքական շահերին»


Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, «Ժառանգություն» արտախորհրդարանական կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը կենտրոնի հիմնադրման 11-րդ տարեդարձի առիթով հանրային ուղերձում անդրադարձավ հանրությանը հուզող գրեթե բոլոր հարցերին թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականության, թե’ տնտեսական ոլորտներում:

Խոսելով Հայաստան - Թուրքիա հետ հարաբերությունների մասին, «Ժառանգություն» կուսակցության նախագահը ասաց. - «Կարող ենք եւ պարտավոր սեփական նախաձեռնություն հանդես բերել արտաքին քաղաքականության հիմնախնդիրներից մեկի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու հարցում: Նախ, պետք է պարզ եւ բարձրաձայն հայտնել, որ դեպի Եվրամիություն Թուրքիայի ձգտումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքական շահերին»:

«Կանխատեսելի է, որ իր համար լավագույն դեպքում անգամ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ անդամ միայն Հայաստանի հետ միասին», - փաստարկեց նա: - «Ըստ որում, Թուրքիան հարկադրված կլինի ենթարկվել լուրջ, անշրջելի բարեփոխումների: Թշնամանքը կարող է ու պետք է վերածվի գործընկերության»:

Ներհայաստանյան իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանը բնութագրեց այսպես. - «Անսանձ եւ ահագնացող կոռուպցիան, օրինականացված կամայականությունը, չնվազող աղքատությունը եւ արտագաղթը, ինչպես նաեւ մեր խաթարված վստահությունը, անօրինության եւ ամենաթողության հետ հաշտվելու մեր պատրաստակամությունը, բնականաբար, առաջացնում է համատարած հիասթափություն, հետո՝ հուսահատություն, ապա եւ՝ հասարակական անտարբերություն եւ թերահավատություն ցանկացած բարեփոխումների նկատմամբ»:

Հովհաննիսյանը նկատի ուներ նաեւ սահմանադրական բարեփոխումները: Նշելով, թե սահմանադրական բարեփոխումները իրական կլինեն միայն՝ եթե իրական դառնա իշխանության ճյուղերի հստակ տարանջատումը, Հովհաննսիյանը եզրահանգեց. - «Այս ամենը կարող է կյանքի կոչել միայն արդար ընտրությունների արդյունքում համաժողովրդական քվե ստացած իշխանությունը: Իսկ մինչ այդ սահմանադրական բարեփոխումները հիշեցնում են հին ու փտած կառույցի ճաքերը հապճեպորեն եվրոռեմոնտի տակ թաքցնելու անհաջող փորձ»:

Անդրադառնալով լրատվամիջոցների գործունեությանը, որոնք, ըստ նրա «պատշաճ չեն լուսաբանում մարդկանց իսկապես հուզող խնդիրները, Հովհաննիսյանը ասաց. - ««Ա1+»- ի, «Նոյյան տապան»-ի փակումից հետո հանրային տեղեկատվության դաշտում նույնպես հաստատվել է կամ փորձել են հաստատել անուղղակի մենաշնորհ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG