Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր իր վարկածն է առաջադրել, թե ինչու նախագահ Քոչարյանը որոշեց նոյեմբերի 27-ի կիրակի օրը նշանակել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Ըստ թերթի, կոալիցիայում մտածում էին, թե հանրաքվեի հաշվին ժողովրդին ոչ աշխատանքային օր նվիրելը կարող է բարձրացնել դրական արդյունքի հնարավորությունը, սակայն, Ռոբերտ Քոչարյանը չօգտվեց այդ հնարավորությունից, ու դա պատահական չէ. - «Ընդդիմությունը հանրաքվեին նախորդող շրջան է մտնում պառակտված ու բարոյալքված, իսկ իշխանությունները Ընտրական օրենսգրքում դրույթ են ամրագրել, որը հնարավորություն է տալիս ընտրակաշառքների արդյունավետությունը դարձնել 100 տոկոսին մոտ»: Թերթի պարզաբանմամբ, խոսքն այն դրույթի մասին է, որ քվեարկությունից հետո քաղաքացին քվեաթերթիկը ձեռքին պետք է մոտենա հանձնաժողովի անդամին՝ այն կնքելու համար։ Այնպես որ, իշխանությունները հանրաքվեի անհրաժեշտ արդյունքն ապահովելու համար պետք է 8 միլիոն դոլարի ընտրակաշառք բաժանեն, ինչը, ըստ թերթի, նրանց համար չնչին գումար է։

Նույն թերթն այսօրվա խմբագրականում անսպասելի չհամարելով Խնայաբանկի ավանդների փոխհատուցման հարցում նախագահ Քոչարյանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը, այդ որոշումը մեկնաբանել է իբրեւ ապագա իրավահաջորդի ընտրության հարցում կատարված հերթական լուրջ քայլ։ «Դա քայլ էր ոչ միայն հօգուտ Արթուր Բաղդասարյանի, այլեւ ընդդեմ Սերժ Սարգսյանի», - ընդգծել է թերթը: - «Ավանդների հարցում նախագահի դիրքորոշման փոփոխությամբ ոչ միայն «Օրինաց երկիր» կուսակցության լայնամասշտաբ PR ակցիային դաբրո տրվեց, այլեւ այդ ակցիայի իրականացումը դրվեց հանրապետական վարչապետի կողմից ղեկավարվող կառավարության վրա, որի ներկայացուցիչը ավանդների վերադարձի մասին բացասաբար էր արտահայտվել Քոչարյանի հրահանգից ընդամենը 5-6 ժամ առաջ»։ «Քոչարյանը հնարավոր ամեն ինչ արել է, որ հարցի արծարծման եւ հնարավոր լուծման ընթացքում ՀՀԿ-ն ոչ միայն քաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորություն չունենա, այլեւ հնարավորինս ստորացված վիճակում հայտնվի», - եզրակացրել է «Հայկական ժամանակ»-ը։

«Ինքնին անվանական զենք բաժանելը տարբեր տրամաչափի պաշտոնյաներին խոսում է Հայաստանում իշանության քրեականացման մասին», -Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանի կողմից վարչապետ Մարգարյանի նվիրված զենքով գործած մարդասպանության փաստն է որակում է «Ազգ» թերթը։ «Վերջին տարիների մի քանի սպանությունների փործը ցույց է տվել, որ եթե մարդասպանը վայելում է գործող իշխանությունների կամ որեւէ օլիգարխի համակրանքը, ապա նա իրավունք ունի խուսափելու բանտարկությունից», - ընդհանրացրել է «Ազգ»-ը՝ նկատելով. - «Քեշիշյանը եւս բարոյական իրավունք ունի վայելելու ազատությունը, քանի որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում իր նպաստն է բերել հօգուտ գործող նախագահի, խորհրդարանի, այսինքն՝ հոգուտ «պետական շահերի» եւ պետականության»։

«Գորշ Գայլը՝ թակարդի մեջ». - «Հայոց աշխարհ»-ը այսպես է որակել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Սկսված գործընթացը իբրեւ ծուղակ որակելով Թուրքիայի համար, թերթը նկատել է. - «Անկախ նրանից, թե առաջիկայում ինչպե՞ս կընթանան Եվրամիություն - Թուրքիա բանակցությունները, եւ որքանո՞վ կկատարի Թուրքիան Եվրամիության նոր պահանջները, մայրցամաքային Եվրոպայի առանցքային խաղացողները իրենց ազգաբնակչության 90 տոկոսի աջակցությամբ եւ Հռոմի պապի օրհնությամբ ոչ մի պարագայում թույլ չեն տալու Թուրքիայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին»։ Ըստ թերթի մեկնաբանի, Եվրամիության հետ առաջիկա բանակցություններում «Թուրքիան կիրառելու է շանտաժի ու կեղծ խոստումների իր ավանդական քաղաքականությունը՝ փորձելով հնարավորինս հետաձգել նոր նախապայմանների իրականացումը». - «Ընդ որում՝ քանի դեռ աշխարհաքաղաքական առումով նա որեւէ լուրջ այլընտրանք չունի, նման շանտաժն ու կեղծ խոստումները զուգորդվելու են նաեւ որոշակի զիջումների հետ, որովհետեւ եթե ներկայումս Թուրքիան դուրս գա իրեն պարտադրվող խաղից, ապա նրա ֆինանսատնտեսական համակարգն ուղղակի կփլուզվի»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG