Մատչելիության հղումներ

«Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չի փոխվել»


ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմաքը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու կոչով նախագահ
Ջորջ Բուշին 59 կոնգրեսականների հղած նամակը վկայում է ամերիկյան քաղաքականության մեջ կատարված փոփոխությունների մասին, ՄըքՔորմաքը ասել է. - «Մենք, իհարկե, ողջունում ենք Կոնգրեսի անդամների հետաքրքրությունը տարբեր արտաքին քաղաքական հարցերի՝ ներառյալ այս հարցի, նկատմամբ»:

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը մնում են անփոփոխ: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են առկա հակասությունների լուծմանը: Սակայն փոփոխություններ մեր քաղաքականության մեջ չկան», - ավելացրել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 59 կոնգրեսականներ սեպտեմբերի 28-ին ուղերձ էին հղել նախագահ Ջորջ Բուշին՝ կոչ անելով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ուղերձում, մասնավորապես, ասված էր. - «Միացյալ Նահանգները վճռորոշ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում՝ տրամադրելով բարոյական աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական շարժմանը, հատկացնելով խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն եւ ջանքեր գործադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղության հասնելու համար: Քանի որ մենք պայքարում ենք հանուն համայն աշխարհի մարդկանց ազատության, մենք պետք է շարունակենք նաեւ աջակցել ռազմավարական առանձնահատուկ կարեւորություն ունեցող Հարավային Կովկասում Արցախի ժողովրդի ազատ ապրելու ձգտումներին»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG