Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբայրը հերքում է, թե Հայաստանից բացակայել է քրեական շրջանակների հետ ունեցած խնդիրների պատճառով


Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի եղբայրը՝ գործարար Ալեքսանդր Սարգսյանը, ով խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով եւ բացակայել է գարնանային նստաշրջանի բոլոր նիստերից (ինչի համար ներկայացրել էր համապաստախան բժշկական տեղեկանք), երկուշաբթի օրը հերքեց, թե Հայաստանից բացակայում էր քրեական տարրերի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Վերջին տարվա ընթացքում Ալեքսանդր Սարգսյանը անընդհատ ուղեւորությունների մեջ է. սկզբում Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ Միացյալ Նահանգներում հաստատվելու մասին տեղեկություններ էին տարածվում: Ըստ լուրերի, Սարգսյանը թաքնվում է իրեն փնտրող «օրենքով գողերից»:

«Ես էդքան բան տղա չեն՝ եթե ես փախնեմ, ընտանիքս թողեմ ստեղ», - լրագրողներին ասաց նա: - «Ես ոչ մեկից փախնելու բան չունեմ: Հայաստանում չկա տղա, որ ես իրանից փախնեմ... Հասկացա՞ք»:

Ալեքսանդր Սարգսյանը ասում է, որ իր մեկնումը արտերկիր կապված է եղել բացառապես բիզնեսի բնագավառի հետ: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե նա Միացյալ Նահանգներում բազմամիլիոն ունեցվածք է ձեռք բերել:

Պատգամավորը հավաստիացնում է, որ իր ողջ ունեցվածքը ինքը հայտարարագրել է նաեւ Հայաստանում: Եվ հարկային պարտավորություններն էլ կատարում է:

«Մենք հաշվվում են, կարծեմ, բարձրաստիճան պաշտոնյա: Մենք ամեն տարի հայտարարագիր ենք տալիս», - ասաց նա: - «Ես ունեմ ֆիրմա, ես զբաղվում եմ բիզնեսով: «Մուլտիմիալիոն ֆիրմայի 50 տոկոսը իմս ա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG