Մատչելիության հղումներ

Երեւանում քննարկվում են միջուկային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր


ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում երկուշաբթի օրը Երեւանում մեկնարկեց եռօրյա գիտաժողով, որին մասնակցում են աշխարհի 16 երկրներ եւ տարբեր միջազգային կազմակերպություններ ներկայացնող գիտնականներ:

Գիտաժողովում քննարկվում են միջուկային ահաբեկչության դեմ պայքարի, միջուկային ահաբեկիչների եւ միջուկային նյութերի հայտնաբերման ոլորտում առաջատար տեխնոլոգիաների, դրանց կիրառման ճանապարհներին վերաբերող հարցեր:

«Հայաստանն ատոմային պետություն է, եւ մեր անհանգիստ հարեւանների առկայությունը մեզ միշտ պետք է մտահոգի: Ի վերջո, այսօր ահաբեկչություն աշխարհում այնպիսի մակարդակի է հասել, որ ահաբեկչական խմբավորումները կարող են զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու փորձեր անել: Այդ զենքը հորինել են գիտնականները եւ միայն նրանք կարող են դրա դեմն առնել», - գիտաժողովի իր ելույթում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

«Ահաբեկչության դեմ պայքարում են մի քանի ուղղություններով՝ քաղաքական, ուժային եւ գիտական», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գիտաժողովի կազմակերպիչներից Առաջատար գիտությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Ապիկյանը՝ հավելելով, որ գիտաժողովում քննարկվող հիմնական խնդիրները վերաբերում են երրորդ՝ գիտական մոտեցմանը՝ մասնավորապես նոր դետեկտորների եւ սենսորների ներդրմանը: - «Ահաբեկչական գործողությունները նույնպես բարձրացել են գիտական մակարդակի վրա: Նրանք [ահաբեկիչները] արդեն բավականին լավ գիտեն նախկին տեխնոլոգիաները, եւ այս թեւի ներկայացուցիչները պետք է անընդհատ մոդեռնիզացնեն եւ նոր խնդիրներ առաջարկեն»:

Գիտաժողովի մասնակիցներից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային անվտանգության բաժնի ներկայացուցիչ Անիտա Նիլսոնը, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչության համար տարանցիկ երկիր դառնալու վտանգը, ասաց. - «Այսօր բոլոր երկրները պետք է գիտակցեն, որ նման վտանգ սպառնում է ցանկացած երկրի, քանի որ միջազգային վաճառքը գնալով ավելի միջազգային է դառնում, եւ ցանկացած երկիր կարող է այդ ճանապարհին հայտնվել. ոչ միայն Արեւելյան Եվրոպան, այլ բոլոր տարածաշրջանները պետք պատրաստ լինեն, որ իրենց երկիրը կարող է օգտագործվել որպես տարանցիկ երկիր»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG