Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ


Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Օսկանյանը Աբու Դաբիում հանդիսավոր կերպով զետեղել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնաքարը: Դեսպանությունը գտնվում է մայրաքաղաքի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում:

Հայաստանի դեսպանության շենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: Հայաստանի դեսպանության համար հողամասը հատկացվել է Հայաստանի նախագահի 2002 թվականի գարնանը ԱՄԷ կատարած այցի ժամանակ: Հայաստանի կառավարությունը, իր հերթին, տարածք է հատկացրել Երեւանում Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչության համար:

Այցի շրջանակներում Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Համդան բեն Զայեդ Սուլթան Ալ Նահայանի հետ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ տարածաշրջանային խնդիրներ:

Կիրակի օրը Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Ահմադ Բաքրի հետ: Նախարարը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները:

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները արաբական այդ երկրի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG