Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ Թուրքիան չի մասնակցի Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 3-ին Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների բացմանը՝ մինչեւ չծանոթանա բանակցությունների օրակարգը ճշտող փաստաթղթի վերջնական տարբերակին:

«Ոչ ոք չի կարող ակնկալել, որ մենք կմեկնենք Լյուքսեմբուրգ՝ մինչեւ փաստաթղթին ծանոթանալը: Իհարկե, հնարավոր է, որ բանակցությունները չսկսվեն», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է Գյուլը՝ ավելացնելով, որ ակտիվ ջանքեր են գործադրվում առկա տարաձայնությունները կարգավորելու ուղղությանբ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մինչդեռ, համոզմունք է հայտնել, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չեն ձախողվի եւ կսկսվեն ժամանակին:

«Քանի որ Եվրամիության անդամ պետությունների դեսպանները հինգշաբթի օրը որոշում չեն կայացրել, նշանակում է՝ որոշումը կընդունվի հոկտեմբերի 3-ի առավոտյան, եւ մենք կշարունակենք աշխատանքը: Չեմ կարծում, որ այստեղ լուրջ խնդիր կա», - Անկարայում հինգշաբթի երեկոյան հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բանակցություններ սկսելու հարցում կան նախկին պայմանավորվածություններ, որոնցից Թուրքիան մտադիր չէ հրաժարվել:

«Նոր պահանջների մասին խոսք անգամ լինել չի կարող», - նշել է Էրդողանը:

Եվրամիության անդամ 25 պետությունների դեսպաններին հինգշաբթի օրը չի հաջողվել համաձայնեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ մեկնարկող բանակցությունների «ճանապարհային քարտեզը»:

Ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով կիրակի օրը տեղի կունենա Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների արտակարգ հանդիպում: Ճգնաժամի պատճառը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ավստրիայի դիրքորոշումն է, որն առաջարկում է լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկում է դառնալ «Եվրամիության արտոնյալ գործընկեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG