Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հինգշաբթի օրը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ավարտին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ համատեղ ասուլիսում, փորձելով մեղմել Երեւանի մտահոգությունը Հայաստանը շրջանցող Ղարս - Ախալքալակ երկաթգծի կառուցման ծրագրերի կապակցությամբ, հայտարարեց, թե Թբիլիսին կփորձի համոզել Անկարային վերագործակել Կարս - Գյումրի երկաթուղին:

«Վրաստանը, անշուշտ, կմասնակցի իր համար շահավետ բոլոր տնտեսական ծրագրերին», - ասաց Նողաիդելին: - «Միեւնույն ժամանակ, մենք ամեն ինչ կանենք Հայաստանի համար այլընտրանքային տրանսպորտային ուղիների զարգացմանը նպաստելու եւ, մասնավորապես Կարս - Գյումրի երկաթուղու վերագործակման ուղղությամբ: Սակայն, դուք պետք է հասկանաք, որ դա կախված է ոչ միայն մեզանից»:

Կառավարության ընդունելությունների տանը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի օրակարգում այսօր քննարկված հարցերը վերաբերում էին Հայաստանին Վրաստանի ունեցած պարտքի վերաձեւակերպման, Հայաստանից Վրաստան հոսանքի մատակարարման, տարանցիկ բեռնափոխադրումների համատեղ ներդրումային նախագծերի, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների, մասնավորապես, ջավախահայության խնդիրներին ու այդ երկրամասում այս պահին սրված իրավիճակին:

Հայաբնակ Ջավախքում իրավիճակի սրման առիթը Սամցխե-Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների տարածած հայտարարությունն է՝ ուղղված Վրաստանի իշխանություններին, որով առաջարկվում է Վրաստանը վերածել դաշնային հանրապետության ու այդ ենթատեքստում հայաբնակ Ջավախքին դաշնային սուբյեկտի կարգավիճակ շնորհել։

Որոշ տեղեկություններով, ջավախքցիներին զայրացրել ու նման կտրուկ քայլի է դրդել Վրաստանի իշխանությունների ձգտումը՝ Ջավախքի քրեական հեղինակությունների միջոցով հսկողության տակ առնել հայաբնակ երկրամասի քաղաքական ուժերը։

Անդրադառնալով այս խնդրին, վարչապետ Զուրաբ Նողաիդելին ասաց. - «Վրաստանում իրականում գոյություն կունենա միայն երեք ինքնավարություն՝ աջարական, աբխազական եւ հարավօսական։ Բայց Վրաստանի մյուս տարածքների եւ տարածաշրջանների բնակիչներին եւս անտարակույս կտրամադրվեն Վրաստանի քաղաքացիների բոլոր իրավունքները»:

Նողաիդելին հավելեց, թե Ջավախքի ինքնավարության պահանջով հանդես է եկել այդ երկրամասի հասարակական-քաղաքական ուժերի շատ փոքր մասը։ Ըստ Վրաստանի վարչապետի, Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար իր կառավարությունը երկու ներդրումային ծրագրեր է պատրաստում՝ երկրամասի ավտոճանապարհների հիմնանորոգման, ինչպես նաեւ դպրոցների վերանորոգման ոլորտներում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG