Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, որով Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերաբացել հայ-թուրքական սահմանը, հայտարարեց, որ Հայաստանը դրական է գնահատում նշված բանաձեւը:

«Մենք դրական ենք գնահատում այդ որոշումը եւ համարում ենք, որ դա բնական որոշում է», - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ համատեղ ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը: - «Եթե Թուրքիան իսկապես ուզում է Եվրամիության անդամ լինել, պետք է նմանվի Եվրամիության երկրներին: Իսկ դա նշանակում է, որ պետք է Հայաստանի հետ ունենա բաց սահմաններ»:

«Դա նշանակում է նաեւ, որ պետք է արդեն բաց դիմագրավի իր անցյալը եւ ընդունի այն իրավիճակը, որ 1915 թվականին եղել է եւ դրա ճիշտ գնահատականը տա», - ավելացրեց արտգործնախարարը:

Հեյկի Տալվիտիեն այս կապակցությամբ ասաց. - «Ես կարծում եմ, որ երեկ ընդունված բանաձեւը ենթադրում է, որ եթե Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սկսվեն, հայ-թուրքական հարաբերությունները նույնպես կդառնան քննարկման առարկա»:

Ասուլիսում Եվրամիության բաձրաստիճան ներկայացուցիչը, ով երեկ եւ այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ, անդրադարձավ նաեւ սահմանադրական փոփոխություններին:

«Միջազգային հանրությունը փորձել է համոզել Հայաստանին, որ Սահմանադրությունը պետք է բարեփոխվի եւ ավելի ժողովրդավարական դառնա», - ասաց Տալվիտիեն: «Մենք չենք ուզում միջամտել ձեր հանրաքվեին, բայց մենք կողմ ենք այս փոփոխություններին եւ կարծում ենք, որ դրանք կլինեն շատ լուրջ գործիք թե’ կառավարության, թե’ ընդդիմության ձեռքում»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG