Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը կայցելի «Գրանդ Տոբակո» ձեռնարկություն


Հինգշաբթի օրը Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրակարգում ընդգրկված են հանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, երկու երկրների միջեւ իրավապայմանագրային բազայի, առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, տրանսպորտի եւ կապի, զբոսաշրջության, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր: Միջկառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստից հետո տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրում:

Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

Վրաստանի վարչապետը այցի շրջանակներում ցանկություն է հայտնել այցելել նաեւ «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն, որը հոկտեմբերին Թբիլիսիում նախատեսում է բացել ծխախոտի գործարան:

«Գրանդ Տոբակո»-ի ներդրումը կազմել է 4 միլիոն դոլար: Գործարանում կարտադրվի շուրջ 32 անուն ծխախոտ, կօգտագործվի հայկական հումք: Ձեռնարկության աշխատակազմը համալրված կլինի տեղացիներով, եւ առաջին փուլում արտադրանքը կսպառվի վրաստանյան շուկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG