Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այն, ինչ արեց «Արդարություն» դաշինքը Ռուզան Խաչատրյանի հանդեպ, պարզապես անելու բան չէ, երբ սեփական թիմակցին բարբարոսաբար տարան տվեցին առյուծի բերանը», - «Հայկական ժամանակ»-ում Ռուզան Խաչատրյանի համար ցավում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա ընդհանրացված գնահատականով՝ Կենտրոնի համայնքապետի ընտրության արդյունքն ապացուցեց, որ «Արդարություն» դաշինքի 9 կուսակցությունները՝ որպես քաղաքական միավոր, սպառված են:

«Կենտրոնի ընտրությունները՝ որպես լակմուսի թուղթ» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը ձայների ջախջախիչ գերակշռությամբ առավելության հասավ ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանի նկատմամբ՝ եւս մեկ անգամ փաստելով հայրենի ընդդիմության պերճանքն ու թշվառությունը»: Ընտրության արդյունքից մեկնաբանը բխեցնում է. - «Այս «համոզիչ պարտությունը» ի հայտ է բերում, թե ինչու «Արդարություն» դաշինքի լիդերները հերթական ընտրությունների մասին լսել չեն ուզում՝ ապավինելով բացառապես արտահերթ հեղափոխական զարգացումներին»:

«Իրավունք»-ի ձեւակերպմամբ, ընդդիմադիր թեկնածու Ռուզան Խաչատրյանի պարտությունը ինքնին խոսուն է: «Դա, կարելի է ասել, մաքուր փորձարարություն է, որի ընթացքում ընտրողներին առաջարկվել է ոչ թե «նաղդ», տեղն ու տեղը ստացվելիք կոնկրետ նյութական բարիք, այլ անցկացվել է զուտ քաղաքական քարոզչություն, եւ արդյունքը ցույց է տալիս ընտրողների ջախջախիչ մեծամասնության բացարձակ ապաքաղաքականացումը», - գրում է «Իրավունք»-ը՝ եզրահանգելով. - «Դա նշանակում է, որ հանրաքվեի ժամանակ բնակչությանը «ոչ» ասելու մոբիլիզացնելը այնքան էլ հեշտ գործ չի լինի, եւ անգամ ամենաինտենսիվ քարոզչությունը դրա համար ակնհայտորեն բավարար չէ: Եթե ընդդիմությունը չկարողանա ձեւավորել միասնական բեւեռ ու տեղում աշխատող կոնկրետ կառույցներ, ապա իշխանությունները միգուցե ստանան ռեալ շանսեր առանց բիրտ ուժի կիրառման, զուտ ասֆալտաընտրակաշառքային մեթոդներով ապահովելու հանրաքվեի «այո» պատասխանը»:

«Այն մարդիկ, որոնք իրենց կոտորում են համայնքի ղեկավարի կամ ավագանու այս կամ այն թեկնածուին ձայն բերելու համար, արդյո՞ք այդպես կաշխատեն հանրաքվեի ժամանակ: Արդյո՞ք ունեցած տաքսի ծառայության, «մարշրուտկի գծի» մեքենաները այդպես եռանդագին մարդ կտեղափոխե՞ն ընտրատեղամաս՝ մեքենաներում տարբեր բազարներ անելով... Միանշանակ՝ ոչ», - աներկբա պատասխանում է «Ազգ»-ը իր առաջ քաշած հարցադրումներին՝ մատուցելով. - «Ավագանի դարձած զանազան կասկածելի վարք ունեցող մարդիկ, Ազգային ժողովի բիզնեսմեն-պատգամավորների օրինակով նվաճում են կառավարման տեղական բնագծերը միայն ու միայն մի նպատակով՝ մի խանութը երկու սարքել, ավելացնել մի վարսավիրանոց, ավտոլվացման կետ, գուցե նաեւ մի գրավատուն բացել, իսկ հանրաքվեն ու Սահմանադրությունը նրանց համար ավելորդ հոգս ու գլխացավանք են»:

«Չորրորդ իշխանության» ամփոփմամբ, այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեծ հաշվով «մարզումներ» էին նոյեմբերին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ: «Զորավարժությունները, կարելի է ասել, հաջող անցան» - հեգնում է թերթը: - «Ըստ էության, բոլոր համայնքներում ընտրվեցին նրանք, ովքեր երկու ամիս անց հաճույքով «վարձահատույց կլինեն»՝ ձգտելով հանրաքվեի համար ապահովել նվազագույնը՝ այնքան «այո», որքան իրենք ձայն են ստացել»: «Իրավունք»-ը, իր հերթին, սահմանում է. - «Ընդհանուր առմամբ, համայնքապետեր են դարձել հիմնականում այնպիսի կադրեր, ովքեր կարող են առավելագույս պիտանի լինել ինչպես հանրաքվեի, այնպես էլ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ»:

Անցած ընտրություններից «Առավոտ»-ի խմբագիրը կանխորոշում է. - «Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ոչ մեկի չեն ծեծելու, ընդդիմության ակտիվիստներին չեն տանի քաղմաս, քվեատուփերը շատ քիչ են լցոնվելու, թվեր գրեթե չեն նկարվելու: Միեւնույն ժամանակ, այդ ընտրությունները շատ հեռու են լինելու եվրոպական չափանիշներից: Ընտրողների նկատմամբ բռնությունները ժամանակակից հայկական «տեխնոլոգիաներում» նահանջել են երկրորդ պլան: Առաջին պլան դուրս եկան քվեարկությունից առաջ կիրառվող ուժային եւ վարչական լծակներն ու, իհարկե, փողը»:

«Ազգային ժողովրդավարական կուսակցությունը չի պատրաստվում կատարել «Արդարություն» դաշինքի որոշումը եւ զբաղվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ քարոզչությամբ», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ ներկայացնելով կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանի պարզաբանումը. - «ԱԺԿ տեսակետը այնուհանդերձ դաշինքի նիստով չի որոշվում, այլ՝ կուսակցության վարչության: Մեր դիրքորոշումը նույնն է. մենք «կողմ» չենք քարոզելու, բայց հակաքարոզչություն չենք տանելու հանրաքվի դեմ»:

«Արդարություն» դաշինքի մեկ այլ անդամ՝ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը նույն թերթում նշում է. - «Իշխանությունները փորձում են մեր պահանջած վստահության հանրաքվեն փոխարինել սահմանադրական փոփոխությունների իրենց համար նպաստավոր հանրաքվեով: Այդ գործընթացը, բնականաբար, պետք է խոչընդոտել»:

«Սահմանադրական փոփոխությունների նախընտրական շտաբը կտեղակայվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Շտաբի պետի որեւէ թեկնածություն դեռ չի քննարկվել», - «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով, «ճիշտը շտաբի պետ չունենալն է», որպեսզի կոալիցիայի քաղաքական խորհուրդը ինքը ղեկավարի շտաբը՝ աշխատանքները բաժանելով կոալիցիայի կուսակցությունների միջեւ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG