Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 24-ը սեպտեմբերի)

«Հայկական ժամանակ»-ը, փաստելով, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը երեկվա ասուլիսում պաշտոնապես հաստատել է, որ ինքը մի խումբ համախոհների հետ մտորում է քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, գաղափարական ուղղվածությանը վերաբերող հարցին նրա տված «չգիտեմ» պատասխանը համարում է բոլոր հնարավոր պատասխաններից ամենաանհեթեթը: «Այսինքն Թումանյանը եւ իր համախոհները հավաքվելու են, որոշում են կայացնելու կուսակցության ձեւավորման մասին եւ դրանից հետո են միայն որոշելու, թե ինչ գաղափարներ են իրենք դավանում», - խորացնում է մեկնաբանը: - «Սա թերեւս այն ստանդարտ ճանապարհն է, որով գնացել են հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը... Ի դեմս Թումանյանի, մենք գործ կունենանք «ժողովրդի մասին մտածող» հերթական քաղաքական ուժի լիդերի հետ, որի հետեւորդները առանձնապես չեն փոխի հայաստանյան քաղաքական դաշտի որակը՝ իրենց համախմբման հիմնական նպատակ ունենալով մի կտոր հացից չզրկվելու եւ բազմաթիվ կտոր հացեր ետ գցելու մինիմում-մաքսիմումը»:

Մեկ այլ հրապարակմամբ, 2007-2008 թվականների ընտրությունների նախաշեմին կուսակցության ստեղծելու Արտաշես Թումանյանի մտադրությունը կապակցելով ընտրությունների նախընտրական շրջանում նրա ղեկավարությամբ իրականացվելիք «Լինսի» ծրագրի երկրորդ փուլի հետ, «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Անցած անգամ՝ 2002-2003 թվականների նախընտրական շրջանում, կար այլ անձ՝ Ռոբերտ Քոչարյանը, որի անվան հետ կապեցին 150 միլիոն դոլարի աշխատանքները: Այս անգամ Քոչարյանը չի լինելու, եւ Թումանյանը հաստատ փորձելու է այս անգամ «Լինսի» գումարներով կատարված աշխատանքների «փառքի դափնին» իր ճակատին դնել»:

«Երեկ կոալիցիան աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը երրորդ ընթերցման նախապատրաստելու նպատակով», - գրում է «Հայոց աշխարհ»-ը: Խորհրդակցությունից հետո պատասխանելով թղթակցի հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՅԴ-ն առաջարկում է հետաձգել հանրաքվեն, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ասում է. - «Ոչ, ճիշտ չէ: Մենք այդպիսի առաջարկությամբ հանդես չենք եկել: Հանրաքվեի ժամկետներին չենք անդրադարձել»: Իսկ «ինչո՞ւ է կոալիցիան խուսափում հանրաքվեի ժամկետները որոշելուց» հարցին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Նման որոշում կայացնելու իրավասություն չունենք: Դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է... Ամեն դեպքում, չեմ կարծում, թե հետաձգման խնդիր կա»:


«Իշխանական ճամբարում խուճապն ակնհայտ է, որը արտահայտվում է հանրաքվեն հետաձգելու Դաշնակցության պարբերական ակնարկներով», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ընդգծում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: - «Այսինքն, եթե տեսնեն, որ հանրաքվեի դրական ելքը չի ապահովվում՝ հետաձգելու են: Նույն տրամաբանությամբ կարող են ասել, որ եթե թաղապետի իրենց նախընտրած թեկնածուն, կամ նախագահի իրենց թեկնածուն ընտրություններում չանցնի՝ ընտրությունները պետք է հետաձգել»: «Սա դատապարտելի տրամաբանություն է», - շեշտադրում է «Հանրապետութուն» կուսակցության ղեկավարը՝ հայտնելով, թե սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընդդիմադիր ողջ դաշտը հանդես է գալու որպես մեկ միասնական թիմ. - «Բոլոր այն ուժերը, ովքեր «ոչ» են ասում սահմանադրական այս փոփոխություններին, նրանք համախմբվելու են, եւ այդ համախմբմանն այլընտրանք չկա»:

«Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը»» վերնագրի ներքո «Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Շիրակի մարզի «Հանրապետություն» կուսակցությունն ամբողջ կազմով երեկ վերստեղծվեց որպես նոր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցություն»: Թերթի փոխանցմամբ, հիմնադիր կոնֆերանսում Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ նորաստեղծ կուսակցության գլխավոր խնդիրը լինելու է իշխանափոխությունը: Իրենք «ակտիվ աշխատելու են «Արդարություն» դաշինքում եւ հետագա քայլերի մարտավարության մասին որոշումները իրականացնելու են դաշինքի հետ»: «Եթե որեւէ մեկը ձեզ կառաջարկի, որ պետք է ձեւավորել նոր ֆորմատ, դուք հաստատ պետք է հասկանաք, որ նա, ով խոսում է նոր ֆորմատի մասին, ուզում է լիդեր դառնալ», - «Առավոտ»-ի փոխանցմամբ, գյումրեցիներին բացատրել է գեներալ-լեյտենանտը:

«Այն, ինչ կատարվում է այսօր, կարելի է անվանել «կողմորոշումային ռենեսանս»», - բնութագրված է «Առավոտ»-ի խմբագրականում: - «Մեր ավտորիտար իշխանությունը ամբողջությամբ գտնվում է Պուտինի նույնքան ավտորիտար իշխանության թեւի տակ: Իսկ ընդդիմությունը բաժանվել է երկու գրեթե հավասար մասի՝ մեկը «պապաներ» է փնտրում Մոսկվայում, մյուսը՝ Վաշինգտոնում: Սակայն այդ բոլոր խաղերը ոչ միայն ստորացուցիչ են մեզ համար, այլեւ անիմաստ», - գտնում է Արամ Աբրահամյանը: - «Թե’ Մոսկվան, թե’ Վաշինգտոնը տեղն եկած ժամանակ հարյուր անգամ կառնեն ու կծախեն մեր իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ: Վերջինս, մասնավորապես, պետք է նկատած լինի, որ Յարովի, Ռուշայլոյի, Պրյախինի, Էվանսի եւ Ուռումովայի դիրքորոշումների միջեւ որեւէ էական տարբերություն չկա. բոլոր թվարկածներն էլ հավասարապես անտարբեր են մեր ժողովրդավարության խնդիրների նկատմամբ»:

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը «Չորրորդ իշխանություն» թերթի հարցազրույցում նշում է. - «Մեր պայքարը ուղղված է ընդհանուր երիտասարդական ոլորտը, հատկապես ուսանողական ոլորտը կուսակցականությունից զտելուն: Հանրապետական կուսակցությունը բուհերում ունի ուսանողական խորհուրդներ, նախագահները հանրապետական են, մեկի ժամկետը լրանում՝ մյուս հանրապետականն է գալիս եւ ընտրությունից ընտրություն ծառայում է տվյալ կուսակությանը, տվյալ քաղաքական ռեժիմին: Միայն ԵՊՀ-ում ուսանողական կառույցները կուսակցական չեն»: Տեղեկացնելով, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հաջորդ տարվանից «Բազե»-ի հավաքներին չի մասնակցելու՝ Միհրան Հակոբյանը հավելում է. - «Ինչի՞ համար է «Բազե»-ն. երիտասարդությանը քաղաքականացնելո՞ւ, հաջորդ նախագահական ընտրություններին ռեժիմի ներկայացուցչի համար օգտագործելո՞ւ, մարզերում ագիտացիա անելո՞ւ... Մենք չենք գտնում, որ նման միջոցառմանը պետք է մասնակցենք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG