Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ սեպտեմբերի 26-27-ին Վիեննայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հանդիպումը, որի ընթացքում կորոշվի ղարաբաղյան հակամարտության շուրջ հաջորդ բանակցությունների վայրը եւ ձեւաչափը:

«Հանդիպումից հետո պարզ կդառնա հետագա ռազմավարությունը՝ բանակցությունները շարունակվելու են արտգործնախարարների՞ մակարդակով, թե՞ տարածաշրջան են այցելելու համանախագահները», - ըստ ANS հեռուստաընկերության, ասել է Էլմար Մամեդյարովը:

Արձանագրելով, որ բանակցությունները շարունակելու հնարավորություններն առկա են, Ադրբեջանի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ դրանց զուգահեռ Ադրբեջանը պետք է ավելացնի իր ռազմական ներուժը:

Նա վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղին շնորհել առավելագույն ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Հայ համայնքը միայնակ չէ: Ադրբեջանցիները նույնպես բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, եւ նրանց կարծիքը չի կարելի անտեսել: Նրանք պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ եւ ապրեն նորմալ կյանքով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ավելացնելով, թե «նման ձեւով Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելը ժամանակ պահանջող խնդիր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG