Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը


Շաբաթավերջին Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի է ունեցել «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովը, որը շատ մասնագետների կարծիքով, կարող է թուրքական հասարակությունում սկիզբ դնել այս հարցի շուրջ քննարկումներին:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ քննարկումները սահմանափակվեն երկու իրարամերժ կարծիքներով՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է պատահել 1915 թվականին», - գիտաժողովում հայտարարել է Օսմանյան կայսրության պատմությունն ուսումնասիրող հայտնի պատմաբան Հալիլ Բեքթայը եւ փաստել. - «Օսմանյան կայսրության պաշտոնյաները Առաջին աշխարհամարտի սկզբին հայտարարել են հայերին որսալու բաց սեզոն»:

Իսկ պատմաբան Ֆիքրեթ Ադանիրը բացեիբաց ասել է, թե կոտորածները կարող են բնութագրվել որպես ցեղասպանություն: «Դա է իմ կարծիքը», - հայտարարել է գիտնականը:

«Լոս Անջելես Թայմզ» թերթն էլ երկուշաբթի օրը մեջբերել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կարծիքը, ըստ որի, «այս գիտաժողովը կզարմացնի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին: Հիմա նրանցից ոմանք քաջություն կունենան երկխոսության մեջ մտնելու թուրքերի հետ»:

Գիտաժողովը երկու անգամ հետաձգվել էր, վերջին անգամ՝ հինգշաբթի օրը Ստամբուլի դատարանի որոշմամբ, իսկ շաբաթ եւ կիրակի օրը այդ հավաքի մասնակիցներին ցուցարարները դիմավորել են ձվերով եւ լոլիկներով:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG