Մատչելիության հղումներ

logo-print
Ուրբաթ օրը Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ կառավարությունը տվել է իր համաձայնությունը Հայաստանի բաշխիչ ցանցերը «Ռուսաստանի միավորված էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերության կազմի մեջ մտնող «Ինտերէներգո» ընկերությանը վաճառելուն:

Այս գործարքի մանրամասները դեռ մի քանի առաջ տեղադրված էին ՌԱՕ ԵԷՍ ընկերության էլեկտրոնային էջում, նշված էր անգամ «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունից ցանցերի ձեռքբերման գինը՝ 73 մլն դոլար: «Միդլենդ»-ի պատասխանատուները, սակայն, պնդում էին, թե ռուսաստանյան «Ինտերէներգո»-ին է փոխանցվել սոսկ ցանցերի կառավարումը: Եվ միայն մեկ ամիս առաջ հաջողվեց պարզել «Միդլենդ»-ի իրական մտադրությունը:

«[«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը] հայտնել է իր նպատակները, որ հետաքրքրություն չունի տարածաշրջանում եւ մտադրություն ունի բաշխիչ ցանցերը օտարելու», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արմեն Մովսիսյանը:

Իսկ մոտ 10 օր առաջ կառավարությունը էներգետիկայի նախարարությանը հանձնարարել էր բանակցել ՌԱՕ ԵԷՍ ընկերության հետ եւ վաճառքի համաձայնություն տալ՝ եթե վերջինս համաձայնի իր վրա վերցնել «Միդլենդ»-ի՝ նախկինում ստանձնած պարտավորությունները:

«Կառավարությունը համաձայնություն տվեց, կնքել անհրաժեշտ պայմանագիրը [որով ՌԱՕ ԵԷՍ-ը ստանձնում է այդ պարտավորությունները] եւ շարունակել գործընթացը», - հայտարարեց էներգետիկայի նախարարը:

Արմեն Մովսիսյանը փորձեց փարատել մտահոգությունները, թե էներգետիկ համակարգը գրեթե ամբողջությամբ ռուսական ընկերություններին հանձնելը խնդիրներ է առաջացնում անվտանգության տեսանկյունից՝ էներգետիկ համակարգի գործունեությունը եւ արտադրողի ու բաշխողի գործառույթները տարանջատված են օրենքներով:

«Այնպես չէ, որ բաշխիչ ցանցը ինքն է որոշում՝ վաղը սրա արտադրանքը գնի, մյուսինը չգնի», - շարունակեց նախարարը: - «Հետեւաբար, ՌԱՕ ԵԷՍ-ը կլինի բաշխիչ ցանցերի տերը, թե մեկ ուրիշը կլինի բաշխիչ ցանցերի տերը՝ չի կարող այս դաշտի վրա որեւէ ազդեցություն ունենալ»:

Հայաստանի էներգետիկայի նախարարը խոսեց նաեւ ՌԱՕ ԵԷՍ ընկերության իմիջի հետ կապված խնդիրների մասին: «Կարծես թե, մի տեսակ դժկամ կարծիք է ստեղծված ՌԱՕ ԵԷՍ ընկերության նկատմամբ», - ասաց նա՝ հիշեցնելով, որ 4 տարի առաջ, երբ Հայաստանի էներգետիկ համակարգում ծանր իրավիճակ էր (հացադուլ էին հայտարարել Հրազդանի ՋԷԿ-ի աշխատակիցների, Ատոմակայանում ստեղծվել էր գործադուլային կոմիտեն), հենց ռուսաստանյան ընկերությունը օգնության եկավ:

«Այս իրավիճակում մենք խնդրեցինք ՌԱՕ ԵԷՍ-ին, որպեսզի օգնի մեզ դուրս գանք այս իրավիճակից: Մարդիկ մեզ օգնեցին... Կարող եք ասել՝ դրա փոխարեն Սեւան – Հրազդան կասկադը տվեցինք... Բա հո ձրի չէի՞ն օգնելու: Ամեն ինչ իր գինն ունի», - ասաց նախարարը:

Արմեն Մովսիսյանը այսօր տեղեկացրեց նաեւ, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական MAP ընկերության հետ, որը 150 միլիոն դորալի ներդրում է կատարելու:

Նախարարի փոխանցմամբ, իրանական կողմը մտադիր է ավարտել շինարարությունը 2 տարվա ընթացքում, իսկ ներդրումները կփոխհատուցվեն 10 տարվա ընթացքում՝ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի հաշվին:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG