Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սպայի պատիվն արատավորելու համար: «Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ», - գրում է թերթը, - «ՀՀ ոստիկանապետի այս հրամանի պատճառներից մեկն այն է, որ վերջերս Շիրակ Շահնազարյանը Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարտին Սուքիասյանի եւ Գյումրիում հայտնի «օրենքով» գողերի հետ ու այլ տիպի «հեղինակությունների» հետ միասին «Փարվանա» ռեստորանում մասնակցել է ճաշկերույթի, որի ընթացքում Մարտին Սուքիասյանին հավաստիացրել է, որ եթե վերջինս որոշի առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ոստիկաության կողմից պրոբլեմներ չի ունենա»:

«Եթե «Հանրապետություն» կուսակցությունը սկսի ակտիվ գործողություններ, միանալո՞ւ եք նրանց», - «Այբ-Ֆե»-ի այս հարցին «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը պատասխանում է. - «Մենք կմասնակցենք միայն այն գործողություններին, որոնք մշակվում եւ իրականացվում են համատեղ որոշումների հիման վրա»:

Ըստ «Իրավունք»-ի, հաջորդ շաբաթվա սկզբին Մտավորականների ֆորումի հովանու ներքո շուրջ 20 ընդդիմադիր կուսակցություններ «Երեւան» հյուրանոցում փակ խորհրդակցություն են անցկացնելու, որի արդյունքում, ամենայն հավականությամբ, կստորագրվի մի փաստաթուղթ, որտեղ «կուսակցությունները կհայտնեն իրենց բացասական դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հանդեպ եւ կմշակեն համատեղ գործողությունների ծրագիր սահմանադրական հանրաքվեում իշխանությունների կողմից ներկայացված Սահմանադրության նախագծի տապալման նպատակով»:

«Եթե նոյեմբերյան հանրաքվեում ՀՀ իշխանությունները տապալվեն, ապա միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանից սկսած բոլորը պետք է հրաժարական տան», - «Իրավունք»-ում պնդում է նախկին նախագահի խորհրդական Վահագն Խաչատրյանը:

«Կարելի է ասել, որ համայնքների մեծ մասում թաղապետն «ընտրվում է» ընտրություններից առաջ` տարբեր իշխանական եւ խուժանական կլանների պայմանավորվածությունների արդյունքում», - բնորոշում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Առայժմ միակ համայնքը, որտեղ հիշյալ կլանները չէին կարողացել պայմանավորվել, Քանաքեռ - Զեյթունն է: Իսկ, օրինակ, Նուբարաշենում նման պայմանավորվածություն կար, թե չէ ո՞վ կհավատա, որ ընտրողները հանկարծ մեծ վստահությամբ համակվեցին պատանի «գազալցնող» Մհեր Հովհաննիսյանի նկատմամբ»: Արամ Աբրահամյանի կարծիքով, ավելի տրամաբանական է ենթադրել, որ Մհերի հովանավորները «միջոցներ գտան գործող թաղապետին համոզելու համար, որն էլ, ըստ էության, դուրս եկավ ընտրապայքարից»: «Դա ամենեւին չի նշանակում, որ Նուբարաշենում քվեարկությունը կեղծվել է», - շեշտադրում է խմբագիրը: - «Վախը, փողը եւ վարչական լծակները միանգամայն բավարար են մարդկանց ընտրատեղամաս բերելու եւ նորմալ քվեարկություն կազմակերպելու համար»: Նույն սցենարով «Առավոտ»-ում կանխատեսված է. - «Կիրակի օրը Կենտրոնում եւ Արաբկիրում քվեարկությունն ու ձայների հաշվարկը նույնպես շատ հանգիստ են անցելու: Իշխանությունը, օլիգարխիան եւ հանցավոր աշխարհը «կոնսենսուսի» են եկել ապագա թաղապետերի վերաբերյալ»:

«Կոալիցիան ճիշտ վարվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հանդես չեկավ մենատիրական դիրքերից, այսինքն՝ չգործեց «ով ուզում է լինի, միայն կոալիցիայի թեկնածուն լինի» սկզբունքը», - «Հայոց աշխարհ»-ում ասում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Շատ սխալ կլիներ, եթե համայնքներում տեղի ժողովրդի կամքին հակառակ, համոզելով, վարչական լծակներ կիրառելով, փաստացի նշանակվեին կոալիցիայի թեկնածուները»:

«Չորրորդ իշխանության» գնահատմամբ, Երեւանի մի քանի համայնքներում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացելու հույսերը միայն պատրանքներ են»: «Ընտրախախտումների փաստերը գալիս են ապացուցելու, որ քիչ թե շատ նորմալ օրենք ունենալը դեռ նորմալ ընտրություններ անցկացնելու համար բավարարար պայման չէ», - բխեցնում է մեկնաբանը: - «Կարեւորը այդ ընտրությունները կազմակերպող իշխանությունների, իրավապահ մարմինների ցանկությունն է: Իսկ իշխանությունները, ինչպես նախկինում էր, այսօր էլ ունեն թաղապետերի իրենց ցանկալի թեկնածուները, որոնց անցկացնելու համար ոչինչ չեն խնայում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG