Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը Թուրքիայից պահանջելու է բացել Հայաստանի հետ սահմանները»


Վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Եվրախորհրդարանում «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայից պահանջելու է բացել սահմանները Հայաստանի հետ եւ բարելավել ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերաբերմունքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ հոկտեմբերի 3-ին մեկնարկելիք բանակցություններին, Օզդեմիրը հայտնել է, որ արդեն սեպտեմբերի 28-ին Անկարայի հարցով Եվրախորհրդարանի ընդունելիք բանաձեւում տեղ է գտել հոդված, ըստ որի «Անկարան պետք է սահմանները բացելու մասին որոշում կայացնի»:

Պատգամավորը նաեւ նշել է, որ Եվրախորհրդարանի քրիստոնյա դեմոկրատների խմբակցությունը փորձելու է բանաձեւում ընդգրկել նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչի նպատակով հնարավոր է Եվրախորհրդարանի շենքի առջեւ ակցիայի անցկացում:

Անդրադառնալով Բրյուսելում սեպտեմերի 22-ին «2004 դեկտեմբեր - 2005 հոկտեմբեր. Թուրքիան փոխվե՞լ է» թեմայով տեղի ունեցած միջազգային գիտաժողովին, Ջեմ Օզդեմիրը հայտնել է, որ գիտաժողովի ընթացքում շեշտվել է, որ «Եվրամիությունը քրիստոնյա պետությունների դաշինք է եւ չի կարող ընդունել մահմեդական Թուրքիային»:

«Թուրքիայում ոչինչ չի փոխվել, եւ պատմական սխալ կլիներ Թուրքիային ընդունել Եվրամիություն», - Օզդեմիրի փոխանցմամբ, գիտաժողովում հայտարարել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆրանչեսկո Էնրիկո Սպերոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG