Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆինլանդիայի նախագահ, տիկին Տարյա Հալոնենը ամուսնու՝ Պենտի Յարայարվիի հետ: Այցը կրելու է տարածաշրջանային բնույթ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան):

Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարներն: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Այնուհետեւ նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Պաշտոնական այցի ընթացքում Ֆինլանդիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, կայցելի Ս. Փարաջանովի թանգարան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Հալոնենին կհյուրընկալի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:

Ֆինլանդիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG