Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյանը առաջարկում է սահմանադրական հանրաքվեն դուրս բերել իշխանություն – ընդդիմություն առճակատման դաշտից


Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի կարծիքով, գալիք նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ձախողումը միջազգային հանրության համար կնշանակի «երկրի ձախողում»:

Նրա համոզմամբ, այդ դեպքում Հայաստանը միջազգային կազմակերպությունների մոտ կարող է «ոչ հաճելի, անգամ ծիծաղելի իրավիճակում հայտնվել»:

«Դա կարձանագրվի երկրի ձախողում», - լրագրողների հետ հանդիպմանա ժամանակ ասաց Ռուստամյանը: - «Բացարձակապես կապ չունի՝ իշխանությո՞ւնն էր մեղավոր, թե՞ ընդդիմությունը, որովհետեւ իրենք [միջազգային կազմակերպությունները] համարում են, որ եթե այս փաստաթուղթը չի ընդունվում, Հայաստանը բարեփոխումների իր ծրագիրը չի կարող իրականացնել»:

Իսկ Հայաստանի հակառակորդների համար, նրա համոզմամբ, խնդիրը կդառնա շահարկման առարկա: Ուստի Արմեն Ռուստամյանն առաջարկում է սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի հարցը դուրս բերել ընդդիմություն - իշխանություն առճակատման դաշտից:

Հանրաքվեի ձախողման պատասխանատվությունը, նրա համոզմամբ, ընկնելու է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա:

«Պիտի պատասխան տանք՝ մե'նք էլ, իրե'նք էլ», - ասաց նա՝ բացատրելով. - «Մենք՝ թե ինչու այնքան ջանք ու եռանդ չներդրեցինք, չկարողացանք ժողովրդի ակտիվությունը բարձրացնել այն աստիճանի, որ մեկ երրորդը հաղթահարենք, ընդդիմությունն էլ պիտի պատասխան տա, թե ինչու այս լավ փաստաթուղթը, որը դեմոկրատիայի, այսպես ասած, հայրերն են գնահատում որպես այդպիսին, ձախողեցին՝ ասելով, թե մենք կգանք, նոր դա կընդունենք... Էս ի՞նչ տրամաբանություն է»:

«Իսկ եթե ընդդիմության թվում է, թե հանրաքվեի ձախողումը հեշտությամբ տրանսֆորմացվելու է իշխանափոխության կամ իշխանություններին անվստահություն հայտնելուն, ես հավատացնում եմ ձեզ, այդպես չէ: Եվ ոչ մի եվրոպական կառույց այդպիսի տրանսֆորմացիա չի ընդունի», - շարունակեց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մարտավարությանը, ապա նրա փոխանցմամբ, ապա այն կհրապարվի
քարոզարշավի մեկնարկից անմիջապես առաջ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG