Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«14 տարի առաջ այս օրը հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը «այո» ասաց անկախ, ազատ երկրում ապրելու դարավոր երազանքին: 14 տարին շռայլ ժամանակ էր մեր հանրապետության բնակչության համար, որպեսզի խորապես հիասթափվեին մեր առաջին, ապա երկրորդ նախագահից, իշխանություններից ընդհանրապես: Ավելի քան մեկ միլիոն հայեր հեռացան հանրապետությունից, փախան անկախությունից... Սա՞ էր մեր ուզած անկախությունը», - տարակուսում է «Ազգ»-ը՝ ընդգծված վերագրի տեսքով արձանագրելով. - «Անկախությունը դեռեւս չի մտել մեր ընտանիք»: «14 տարի, 24 կամ 44 տարի հետո էլ Հայաստանում անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք, կնշվի հենց պաշտոնապես, քանի դեռ կեղծվում են նախագահական, խորհրդարանական, տեղական ընտրությունները, երկրում իշխում է ոչ թե օրենքը, այլ իշխանական կամայականությունները, ամեն քայլափոխի ոտնահարվում են անկախության տերերի՝ շարքային քաղաքացիների իրավունքները, իշխանամետ սափրագլուխերից ապահովված չենք, տնտեսության մեջ մրցակցության փոխարեն կլանն է», - պատկերում է մեկնաբանը՝ եզրահանգելով. - «Քանի դեռ այս երկրում կա արդարության, վաղվա օրվա նկատմամբ հավատի անսահման պակաս, Անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք»:

«Անցած տարիների ընթացքում ամենատարբեր կերպ ու ամենատարբեր տրամադրություններով ենք նշել անկախության տոնը՝ երգ ու պարով, սպասումներով, ցնծությամբ, մարտի դաշտում, հացի հերթերում, անլույս բնակարաններում, բողոքի հանրահավաքում, հիասթափված, զայրացած, անտարբեր, հույսով, հպարտությամբ», - վերհիշում է «Հայոց աշխարհ»-ը՝ ընդհանրացնելով. - «Տրամադրությունների ու վերաբերմունքի այս փոփոխությունների շղթան լավագույնս արտահայտում է անկախ պետականության կառուցման թե’ գործընթացը, թե’ ձեռքբերումները, թե’ կորուստները եւ թե’ այսօրվա կացությունը»: «Բայց մի բան անվիճելի է», - շեշտադրված է «Հայոց աշխարհ»-ում. - «անկախությունը մեր ճակատագիրն է»:

Նույն թերթի հարցազրույցում 80-ամյա գրող Աղասի Այվազյանը նշում է. - «Անկախության առումով մեր բախտը բերեց. մեզ մատուցեցին այն: Կայսրության մեջ էինք, այն փլվեց, բոլորս անկախացանք: Անտերության մեջ մնացինք ու մեր անտերությունը անկախություն կոչվեց... Ես մեր կայացման ջատագովն եմ: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ միջոցներով: Եթե պետք է մարդ, որը պետք է բռի մեջ պահելով երկիրը՝ երկիր ստեղծի, ոչ թե թալանի երկիրը, թող ստեղծի, դրան էլ եմ կողմակից»:

«Նրանք, ովքեր ծնվել են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, առայժմ որեւէ դեր չեն խաղում մեր երկրի հասարակական կյանքում եւ դեռ մի տասը տարի չեն խաղալու: Իսկ մենք, ովքեր կյանքի որոշ մասն ապրել ենք ոչ սեփական, ոչ հարազատ պետության կազմում, սովոր ենք կոլեկտիվ անազատության եւ կոլեկտիվ անպատասխանատվության: Պետությունը մեզ համար կազմված է թագավորներից ու իշխաններից եւ իրենից ներկայացնում է մի ընդհանրական «պապա»», - սահմանում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ ներկայացնելով. - «Ամեն քայլափոխի մի հարց է հնչում՝ «ե՞րբ կգա մի իշխանություն, որը մի քիչ ժողովրդի մասին կմտածի»: Ըստ Արամ Աբրահամյանի, պատասխանն ակնհայտ է՝ «Երբեք». - «Այդ մտածելը, որին մենք սովոր էինք դարեր շարունակ, եւ մասնավորապես 70 տարի, այլեւս չի լինելու»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը, գրելով թե 14 տարի առաջ, «առանց ներքաղաքական լուրջ տարաձայնությունների, միաժամանակ որոշակի զգուշավորությամբ ժողովուրդը հանրաքվեով «այո» ասաց անկախությանը», շաղկապում է. - «Այսօր մենք կանգնած ենք եւս մի հանրաքվեի նախաշեմին, որով պիտի գործողության ուղի դուրս գան սահմանադրական բարեփոխումները... Ինչպես 14 տարի առաջ, «այո»-ն զգուշավորությամբ է հարթում իր ճանապարհը: Բայց կրկին հիշենք, որ անկախության հանրաքվեից հետո միայն պարզ դարձավ, որ զգուշությամբ, բայց ներքին համոզվածությամբ ասված «այո»-ն հենց այն ճանապարհն էր, որը ճիշտ էր Հայաստանի համար»:

«Այն քաղաքական տեխնոլոգիաները, որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ պատրաստվում է գործադրել ընդդիմությունը, հիշեցնում են թշնամական երկրի քաղաքական ու տնտեսական ենթակառուցվածքների քայքայման համար միջազգային պրակտիկայում երբեմն կիրառվող հատուկ օպերացիաներ», - գնահատում է «Հայոց աշխարհ»-ը:

«Սահմանադրական հանրաքվեով երկրում դրվելու է ժողովրդավարացման գործընթացի սկիզբը», - «Հայկական ժամանակ»-ում ընդգծում է Ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով, թե «Հայաստանում իսկապես ձեւավորվելու է լիբերալ արժեքներ կրող գաղափարական լուրջ ընդդիմադիր ֆորմատ»: «Այդ ֆորմատին ՀՀՇ-ի հնարավոր մասնակցության հարցի շարունակությանը՝ թե ձեզ չի՞ վախեցնի, որ իշխանությունները կրկին կսկսեն խոսել ՀՀՇ-ի բազմաչարչար ականջներից», Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանում է. - «ՀՀՇ-ի ականջները երեւում են այսօրվա իշխանության թիկունքից: Այդ ներկայիս իշխանության մեջ կան բազմաթիվ գործիչներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաններ, որոնք եղել են այդ կուսակցության անդամներ... Շոֆերներից եկան, դարձան նախարարներ ու հիմա ՀՀՇ-ի ականջներով վախեցնում են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG