Մատչելիության հղումներ

logo-print

Ժիրինովսկին կմասնակցի Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին


Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԱԴԼԿ) նախագահ Ֆուադ Ալիեւը ակնկալում է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու աջակցությունը նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

Բաքվի «Էխո» թերթի փոխանցմամբ, Ֆուադ Ալիեւը նշել է, թե օրերս Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է մինչեւ նոյեմբեր Ադրբեջան այցելելու եւ ԱԴԼԿ-ի քարոզարշավին մասնակցելու մտադրության մասին:

«Էխո»-ն նաեւ նշում է, որ Վլադիմիր Ժիրինովսկու հնարավոր այցի կապակցությամբ իրենց բացասական վերաբերմունք են հայտնել Ադրբեջանի քաղաքական գործիչները՝ թե’ իշխանամետ, եւ թե’ ընդդիմադիր: Ըստ նրանց, «Ժիրինովսկին Ադրբեջանում վատ համբավ է վայելում, քանի որ բազմիցս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին հանձնելու օգտին հայտարարություններով»:

«Հենց Ժիրինովսկին է ժամանակին հայտարարել, որ Հեյդար Ալիեւը ունի 8 միլիոն «ոչխար»: Եթե մենք Ադրբեջանը համարում ենք անկախ երկիր՝ ժողովրդավարական հասարակությամբ, ապա նրա այցը անթույլատրելի է», - նշել է «Ազադլիգ» դաշինքի ղեկավարներից Սարդար Ջալալօղլուն:

Իսկ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը երեքշաբթի օրը հայտարարել է, թե կառավարությունը թույլ չի տա որեւէ պետության միջամտել Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ ընտրությունները անցնեն օտար պետությունների ազդեցության տակ: Ադրբեջանցիները քվեարկելու են իրենց թեկնածուների օգտին, եւ որեւէ միջամտություն արտասահմանից չպետք է լինի», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Ալեսքերովը եւ խորհուրդ տվել ընդդիմադիրներին՝ «ընտրություններին չներգրավել օտարերկրյա քաղաքացիների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG