Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը համախումբ չէ Կենտրոնի թաղապետի ընտրություններում իր թեկնածուին պաշտպանելու հարցում


Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին մնացել են հաշված օրեր: «Արդարություն» դաշինքը միայն այս համայնքում էառաջադրել թաղապետի իր թեկնածուին՝ Ռուզան Խաչատրյանին, սակայն ընդդիմությունը, կարծես, ջլատ է նրան պաշտպանելու հարցում:

Ռուզան Խաչատրյանը, մինչդեռ, շատ լուրջ մրցակից ունի՝ գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը, եւ այս համայնքում, թերեւս, ընտրությունները խիստ քաղաքականացված կլինեն:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը համոզված է, որ իրավիճակն այնքան կարեւորության արժանի չէ, որքան կարեւորվում է, մասնավորապես, մամուլի կողմից:

««Արդարություն» դաշինքում կան տասը կուսակցություններ, բավականին հեղինակավոր: Իմ կարծիքով, մեզ աջակցելու հերթ չի հասնի», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Գեղամյանը: - «Իհարկե, «Ազգային միաբանություն»-ը հայտարարել է, որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ, որը մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ստանալու է մեր աջակցությունը: Մեր ամբողջ ներուժով աշխատելու ենք, որ ապահովվեն ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ»:

«Ազգային միաբանության» առաջնորդը համարում է, որ տեղական ինքնակառավարման ընտրությունները այն հիմնական նպատակը չեն, որ պետք է միավորի ընդդիմադիրներին:

«Ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները, համոզված եմ, կհաղթահարեն այն տարաձայնությունները, որոնք, թերեւս, կան եւ որոնք շատ ավելի շատ են մամուլով, լրատվամիջոցներով ուճացվում, քան իրականում են», - ասաց Արտաշես Գեղամյանը: - «Մայր հարցում, այն է՝ իշխանափոխություն, սահմանադրական կարգ վերահաստատելու գործում [ընդդիմադիր բոլոր ուժերը] միասնական են»:

Ռուզան Խաչատրյանը, մինչդեռ, իր դժգոհությունը հնչեցրեց կոնկրետ աջակցության բացակայության կապակցությամբ:

«Հանձնաժողովներում տեղի ունեցած առաջին նիստերը ցույց են տալիս, որ մեր ներկայացուցիչները մենակ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե «Ազգային միաբանության» ներկայացուցիչները ընդամենը մի քանի տեղամասերում են կողմ քվեարկել, երբ «Արդարության» ներկայացուցիչները ինքնառաջադրվել են հանձնաժողովների նախագահի, նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոններում:

Դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը, ղեկավար Արամ Սարգսյանի հավաստմամբ, ուժերի ներածին չափ աջակցում է Ռուզան Խաչատրյանին՝ գիտակցելով պայքարի լրջությունը: Մյուս կողմից, անձամբ Արամ Սարգսյանը համոզված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պայքարը եւ հաղթանակը որոշիչ չէ այսօր մեր երկրում:

«Արդյո՞ք Հայաստանում կան ընտրական մեխանիզմներ ու արդյո՞ք կա Հայաստանում մարդ, որը հավատում է արդար ընտրությունների: Իմ խնդիրը սա է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա: - « Իմ խնդիրը չէ առանձին վերցրած տեղամասում ունենալ առանձին վերցրած թեկնածու... Այս իշխանության, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պարագայում արդար ընտրությունների որեւէ մեկը չի հավատում»:

Ինչպես Արամ Սարգսյանը, այնպես էլ Գեղամյանը ընդդիմության ավելի ակտիվ գործունեություն կանխատեսում են սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG