Մատչելիության հղումներ

Նշվեց «Հատուկ գնդի» կազմավորման 15-ամյակը


Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գնդի» կազմավորման 15-րդ տարեդարձը երեքշաբթի օրը նշվեց Եռաբլուր պանթեոն այցով, հանդիսավոր նիստով ու տոնական համերգով: Միջոցառումներին չէր մասնակցում, սակայն, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ում որոշմամբ 1990-ին ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել էր «Հատուկ գունդը»՝ միավորելով սահմանամերձ գոտում ցաքուցրիվ մարտեր մղող տղաներին:

«Ես շատ բան եմ արել այդ տղաների համար», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վազգեն Մանուկյանը: - «Բայց բոլոր այն դեպքերում, երբ իշխանությունները պարտադրել են զինվորականներին քվեարկության ժամանակ կամ ընտրությունների ժամանակ իմ դեմ լինել, ես, ցավոք սրտի, պետք է խոստովանեմ, որ ինձ հարգելով, այնուամենայնիվ, իրենք ավելի շատ ենթարկվել են այդ հրամանին»:

Հայոց կանոնավոր բանակի նախահիմք հանդիսացած «Հատուկ գունդը» նաեւ այսօրվա փոխնախարարներից 4-ի առաջին զինվորական փորձառության սկիզբն է դարձել: Վազգեն Մանուկյանը դա պատահական չի համարում. - «Մի փոքր մաս, մի քանի տոկոսը վերցվել է եւ փորձ է կատարվել փչացնել... Մարդկանց ասում ես՝ դուք կռվել եք, ուրեմն դուք երկրի տերն եք, ուրեմն դուք ամեն ինչի իրավունք ունեք... Եվ այդ մարդկանց մի մասը դարձավ հանցագործ, որը մասնակից եղավ բոլոր այս պետական թալաններին, կոռուպցիային, անօրինական գումարներ աշխատելուն: Իսկ 90 տոկոսը՝ սովորական այն զինվորները, որոնք կռվում էին եւ որոնց ուսերի վրա մենք հասանք հաղթանակի, նրանք մնացին մոռացության մեջ»:

Այն օրերի ռոմանտիզմին, նրա խոսքերով, փոխարինելու եկավ այսօրվա իրականությունը:

«Հսկայական մասը մեր երազանքի կերան այն մարդիկ, որոնք սիրում են ինչ որ ձեռքերի տակ ընկնում է՝ ուտեն. այդ ռոմանտիզմն էլ կերան: Մի երկրում ենք ապրում, որտեղ հարուստներն ու իշխանավորները այնքան էլ արժանի չէին իրենց ճակատագրին, եւ աղքատներն ու կորսված մարդիկ էլ արժանի չէին իրենց ճակատագրին», - ասաց Մանուկյանը՝ հավելելով. - «Մի շատ կարեւոր սկզբունք՝ արդարության սկզբունք, ազնվության սկզբունք, խախտվեց այս պետությունում»:

Գնդապետ Հովհաննես Հարությունյանը «Հատուկ գնդի» առաջին վաշտի հրամանատարն էր, ով 1990-ին հրաժարվեց ազատ կյանքից եւ ընտրեց զինվորական կարգուկանոնը: Այսօր նա այլեւս Հայոց բանակի կայացման գործին չի մասնակցում. հաստիքի կրճատման պատճառով նրան ուղղակի հեռացրել են աշխատանքից:

«Մենք չէինք ուզում, որ երկիրը լիներ մի քանի հոգու ձեռք: Չէինք ուզում, որ երկրում անարխիա լիներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Ամենակարեւորը՝ մեր հավատն է կորել...»:

Սակայն հավատի կորուստը, գործազուրկ գնդապետի կարծիքով, երբեք չի կարող առիթ դառնալ, որ նոր վտանգի դեպքում նրանք ձեռնպահ մնան իրենց ռազմական փորձը ի նպաստ հաղթանակի ներդնելուց:

«Հայրենիքը չի սահմանափակվում մի երկու, երեք, չորս կամ տասը մարդկանցով, որ նրանց, այսպես ասած, չընդունելով՝ չգնանք: Բայց՝ ոչ հանուն իրենց, այլ հանուն մեր ժողովրդի», - ասաց նա:

Իրենց գնդի ստեղծման 15-ամյակին Եռաբլուր պանթեոն այցելածների մեջ շատ էին քաղաքացիական հագուստով նախկին զինվորականներն, ում Հովհաննես Հարությունյանի պես պաշտպանության նախարարությունից հեռացրել են:

Նրանք ամենավերջում լքեցին Եռաբլուրը: Երբ իրենց զինակիցները նախարարությանը պատկանող ջիպերով ու արտասահմանյան մակնիշի այլ շքեղ մեքենաներով 20 րոպե տեւած հանդիսավոր արարողությունից հետո հեռացան, նրանք հերթով այցելեցին ընկերների գերեզմաններ, այնուհետեւ ոտքով հեռացան պանթեոնից:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG