Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի հարցադրմանը, թե իսկապես Միացյալ Նահանգները Ձե՞զ է տեսնում իբրեւ այլընտրանքային լիդեր, թե՞ Արամ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանում է. - «Հայաստանում լիդերների այնքան առատություն կա, որ մի քանի Հայաստանի կբավարարի: Գոնե այդպես մտածող, ինքնասիրահարված մարդկանց ոչ քիչ խմբեր կան այսօր հրապարակային, հասարակական, քաղաքական դաշտում»: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի տրամադրություներին», - շարունակում է Արթուր Բաղդասարյանը, - «ապա ԱՄՆ-ը մեզանից ակնկալում է ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական խորացում, սահմանադրական եւ ընտրական ռեֆորմների իրականացում, կոռուպցիայի դեմ նպատակային պայքար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ»: Նրա ձեւակերպմամբ, ԱՄՆ-ում ոչ թե «տրամադրությունների արմատականություն կար, այլ ակնկալիքների», իսկ այդ ակնկալիքները կապված են «սահմանադրական հանրաքվեն, նոր համապետական ընտրությունները ազատ եւ միջազգային չափանիշներով անցկացնելու հետ»:

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Իրավունք»-ում փաստում է. - «Դեռ չի եղել, երբ որեւէ երկրում ինչ-որ հարց դնեն հանրաքվեի, այն չանցնի, ու իշխանությունները հրաժարական տան»:

Ըստ «Չորրորդ իշխանության», Ալբերտ Բազեյանը, իր հայտնի ասուլիսում հրապարակելով Վազգեն Սարգսյանի նամակը, կարեւոր ցուցմունքներ է տվել. - «Էականն այն է, որ այդ նամակով Ալբերտ Բազեյանը բացահայտում է, որ 98 թվականի պետական հեղաշրջման հեղինակը Վազգեն Սարգսյանն է, հետեւաբար Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առանձնապես պետք չէ մեղադրել»: Իր առաջ քաշած՝ «ինչո՞ւ է այս հարցն այսքան կարեւոր» հարցին «Չորրորդ իշխանություն»-ը պատասխանում է. - «Վաղ թե ուշ իշխանությունը փոխվելու է եւ 98-ի հեղաշրջման մանրամասները քննարկվելու են: Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, շատ կցանկանար խնդիրը ներկայացնել այնպես, իբր ինքն այդ հեղաշրջման հետ ոչ մի կապ չունի: Եվ ահա Ալբերտ Բազեյանը ճիշտ ժամանակին նման «բացահայտում» է անում»:

«Գոլոս Արմեիի»-ի ներկայացմամբ, տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ընդդիմությունը միայն մի բան է անում՝ «գումարներ է սպասում մեկ Ռուսաստանից, մեկ ԱՄՆ-ից, մեկ ինչ-որ մի տեղից, որ երկրում իշխանափոխություն կազմակերպի»: «Այդ ուժերը չեն կարող ակնկալել ծանրակշիռ աջակցություն երկրի ներսում, բայց կարող են այդ աջակցությունը գնել», - ձեւակերպում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Հայոց աշխարհ»-ը, գրելով, թե Արմեն Զավենի Սարգսյանին պատկանող «Մեգո գոլդ» ընկերությունը «Թուխմանուկ» ոսկու հանքավայրը շահագործող գործարանը 3,5 միլիոն դոլարով վաճառել է ամերիկյան «Global Gold Courp» ընկերությանը, հավելում է. - «Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արամ Սարգսյանին առաջիկա թեժ աշնան համար մեծ գումարներ են անհրաժեշտ... Արեւմտյան ֆինանսավորումը հավանաբար մերժվել է կամ չի բավականացնում», - ենթադրում է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ը, դիտարկելով, թե Կենտրոնի թաղապետի առաջիկա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները ՀԺԿ-ից առաջադրված Ռուզան Խաչատրյանին չեն աջակցում, բխեցնում է. - «Ի վերջո, ընդդիմադիր կուսակցությունները մրցակցության մեջ են նաեւ միմյանց հետ, եւ այդ կուսակցություններից յուրաքանչյուրը հավակնում է ընդդիմության միասնական լիդերի դերին»: Այս տրամաբանությամբ «Հայկական ժամանակ»-ը կանխատեսում է, թե ինչպիսին կլինեն ընդդիմության գործողությունները ներքաղաքական իրավիճակի լարման դեպքում. - «Ակնհայտ է, որ Արտաշես Գեղամյանը կողմ է միմիայն այն իշխանափոխությանը, որի արդյունքում նախագահի պաշտոնում հենց ինքն է հայտնվելու: Եվ Գեղամյանը մեծ տարբերություն չի դնում Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Նույնպես եւ Ստեփան Դեմիրճյանի վերաբերմունքը Արտաշես Գեղամյանի իշխանությանը շատ չի տարբերվի Ռոբերտ Քոչարյանի իշխանության նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքից»:

«Առավոտ»-ի մատուցմամբ, կիրակի օրը Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ - Զեյթուն համայքներում տեղի ունեցած ընտրությունները մեկ ընդհանրություն ունեին՝ ընտրացուցակների խայտառակ վիճակը. - «Եվ սա այն դեպքում, երբ պատկան մարմինները, իբր, աշխատել էին նախորդ ընտրություններից հետո ընտրացուցակները կարգի բերելու ուղղությամբ»: «Իրավունք»-ը, գրելով, թե «ամենօրինական, ամենաթափանցիկ եւ ամենաարդար ընտրությունները տեղի ունեցան Էրեբունի համայնքում, պարզաբանում է. - «Ընտրությունների արդար ընթացքն էլ ավելի շուտ պայմավորված էր թեկնածուի միակը լինելու հանգամանքով: Այստեղ Հանրապետական կուսակցությունը «բացարձակ հաղթանակ» տարավ դեռ բուն ընտրություններից առաջ՝ հեռատեսորեն պաշտպանելով միակ առաջադրված թեկնածունին՝ գործող թաղապետ Մհեր Սեդրակյանին»: «Տեղական ինքնակառավարման մարմինների այս մի էջն էլ փակվեց: Բարեբախտաբար, զոհեր եւ ավերածություններ այս անգամ չկան: Հաղթողները ռեստորաններում են, իսկ պարտվողները՝ «ընդհատակում» կամ քնած», - ամփոփում է «Իրավունք»-ը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Հայոց աշխարհ»-ում մեկնաբանելով իրենց պաշտպանած երեք թեկնածուներից երկուսի պարտությունը, նշում է. - «Բոլոր երեք թեկնածուները, որոնք պաշտպանվել են ՀՀԿ-ի կողմից, կուսակցության անդամ չեն: Նրանք առաջադրվել են սեփական նախաձեռնությամբ: Քանի որ նրանք կուսակցականներ չեն, ՀՀԿ-ն չի ֆինանսավորել եւ չի վարել նրանց քարոզարշավը»:


«Հայկական ժամանակ»-ի իրավական հարցերով մեկնաբանի դիտարկմամբ, մեր դատավորները անզոր են արդարացման դատավճիռներ կայացնել, մանավանդ «եթե մեղադրյալը ինչ-որ x-ժամանակ գտնվել է կալանքի տակ». - «Նախնական կալանքը անխուսափելի է դարձնում մեղադրական դատավճիռը: Մարդուն կալանավորելով՝ դատախազությունը, փաստորեն, պատվեր է իջեցնում դատարանին՝ անպայման դատել ամբաստանյալին, քանի որ եթե մարդն արդարացվի՝ կստացվի, որ նախաքննական մարմինը կոպիտ սխալ է թույլ տվել. ոչ միայն մեղադրանք է առաջադրել անմեղ մարդուն, այլեւ ազատությունից է զրկել եւ չի կարողացել մեղքն ապացուցել»: Ըստ մեկնաբանի, արդարադատությունը բացառող այս փակ շղթայում ամենավատ դերը, փաստորեն, ստանձնել է դատարանը. - «Այն դարձել է քննչի սխալները սխալներն արդարացնող, նախաքննական որոշումները դակող մարմին»:

Հավաստի տեղեկություններ վկայակոչելով՝ «Առավոտ»-ը փոխանցում է. - «Շաբաթ օրը ՀՀ նախագահն իր մոտ է կանչել բուհերի մի քանի ռեկտորների եւ հրահանգել վերջ տալ բողոքներին ու դժգոհություններին: Սրանք այն բուհերն են», - հստակեցնում է թերթը, - «որոնք ընդվզում էին բուհական խորհուրդների ձեւավորման կարգի ու դրանցից բխող կանոնադրական փոփոխությունների կառավարության հայտնի որոշման դեմ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG