Մատչելիության հղումներ

«Նպատակային շինարարություն» իրականացնելու պատճառաբանությամբ վտարում է սպառնում մայրաքաղաքի հյուսիսի մի խումբ բնակիչների


Նոր Նորքից Մարաշ տանող ճանապարհին գտնվող Այգեգործների փողոցի բնակիչները հերթով շարունակում են դատարանից ստանալ իրենց տներից վտարվելու որոշումներ:

«Խնդրում եմ մեր կառավարությանը, որպեսզի մեզ չկանգնեցնի հանցագործության ճանապարհին: Եթե գան քանդելու, ինքս գլուխները կջարդեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վտարման մասին որոշումը առաջիններից մեկը ստացած Սեդա Միքայելյանը:

Մոտ 400 հեկտար հողատարածք զբաղեցնող 1200 ընտանիքներ իրենց պատկանող տարածքը 2003-ին սկսված ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը սկսելուն պես իրենց տներն օրինականացնելու դիմում էին ներկայացրել համապատասխան մարմիններին, սակայն նրանց գերակշռող մեծամասնությանը քաղաքապետի ստորագրությամբ պատասխան էր եկել, թե նրանց մերժում են` «տարածքում նպատակային շինարարություն իրականացնելու» պատճառաբանությամբ:

Ստացված գրություններում խոսք անգամ չկար անտառային տարածքները զավթելու մասին: Մինչդեռ դատախազությունը հենց այդ մեղադրանքով է հայց ներկայացրել դատարան եւ պահանջել ազատել «պետության համար անտառային նշանակություն ունեցող հողերը»:

«Մեր հիմնական պրոբլեմը դատախազության հետ է», - ասաց բնակիչներից Արմեն Աբրահամյանը: - «Անտառի գրասենյակը մեզ թուղթ տվեց, որ դեռեւս իրենց տարածքները ճշտված չեն... Բայց դատարանը հաշվի չառավ այդ նամակները»:

Բնակիչների պաշտպանությունը դատարանում հենց սեպտեմբերի 13-ին «Հայանտառ»-ից ստացված պատասխանի վրա էր հիմնվում,ըստ որի իրենց կողմից զբաղեցված տարածքների պատկանելությունը մինչ այժմ ճշտված չէ, եւ կառավարության ստեղծած հանձնաժողովը սահմանների ճշտումը դեռ չի ավարտել:

Դատախազությունը, սակայն, դրանք անտառային նշանակության հողեր է համարում, եւ հերթով բավարարում է բնակիչներին վտարելու հայցերը:

Վտարման վտանգի առջեւ կանգնած բնակիչներին համար անհասկանալի է նաեւ, թե ինչու նույն վտանգը չի սպառնում շքեղ առանձնատներում ապրողներին, ովքեր ոչ թե իրենց նման 20-30 տարի են ապրում այդ տարածքում, այլ՝ ընդամենը վերջին տարիներին, սակայն կարողացել սեփականաշնորհման վկայականներ ձեռք բերել:

«Դատավարության ընթացքում եղել են մարդիկ, որ կարողացել են օրինականացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆրունզե Ալտուկյանը՝ պնդելով, որ իր տան հարեւանությամբ կառուցված երկու եռահարկ առանձնատները «չեն դրվում քանդման», իսկ իր տունը, որտեղ ինքը բնակվում է իր 7 անձից բաղկացած ընտանիքով՝ քանդվելու է:

Անցած տարի Ալտուկյանի տնից ոչ հետո՝ Սմբատ Հովհաննիսյանի ընտանիքը, վերջինիս խոսքերով, բռնի կերպով վտարվեց զբաղեցրած հողատարածքից, որտեղ կառուցվեց գազալիցքավորման կայան, որը կրկին այս գործընթացներից դուրս է հայտնվել:

«Մի քանի անգամ եկան, երեխաներով, բաներով պաշտպանվեցինք», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Հովհաննիսյանը: - «Մի օր էլ կարմիր բերետավորները բուլդոզերներով եկան, ամբողջովին տակնուվրա արեցին... Ինձ նրանցից մեկը եկավ, քաշեց մի կողմ, նստացրեց՝ չէր թողնում, որ շարժվեի, բայց ինչ կարող էի անել... Ինչ-որ ասում են, վարչապետի հովանավորության տակ է եղել: Այդպես ենք լսել»:

Բնակիչների համոզմամբ, այս տարածքները իրենցից զավթելը միմիայն մեկ նպատակ կարող է հետապնդել՝ հարեւանությամբ խոյացող դղյակների շարունակությունը մեծահարուստները ցանկանում են իրենց քանդվող տների վրա տեսնել:

«Խմդրում եմ դատախազից պատասխան տալ. մի՞թե մենք ավելի քիչ իրավունք ուեննք, քան մեծահարուստները», - «Ազատություն» ռադիոկայանին վրդովված ասաց բնակիչներից մեկը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG